– Կպատմե՞ք մի փոքր PayX ստարտափի մասին
– PayX-ը հիմնվել է մոտ երկու տարի առաջ իմ և պարոն Սմբատ Նասիբյանի կողմից։ Մեր նպատակն էր ստեղծել միասնական վճարումների ենթակառուցվածք, որտեղ հնարավոր կլինի կատարել վճարումներ տարբեր բջջային հավելվածներով:
– Ո՞րքան ակտիվ գործընկեր ունի PayX-ը
– Այս պահին մենք համագործակցում ենք 11 գործընկեր բանկերի, վճարային համակարգերի և ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ, որոնցից 5-ը արդեն իրականցրել են ինտեգրացիաները, իսկ մյուսների մասով ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ կգրանցենք դրական արդյունքներ: Բացի այդ, մենք նախաձեռնել ենք և մեր որոշ գործընկերների հետ միասին իրականացնում ենք մի քանի նորարական նախագծեր, որոնք նույնպես նոր հնարավորություններ կընձեռեն օգտատերերին և կնպաստեն անկանխիկ վճարումների ավելացմանը։
– Ի՞նչ է տալիս PayX-ը
– Ամենակարևորը, մենք նախաձեռնում ենք գործընկեր բանկերի և կազմակերպությունների հավելվածներում մոբայլ վճարումներ կատարելու հնարավորության ստեղծումը, տրամադրում ենք համապատասխան ինտեգրացիոն սերվիսներ և բացի այդ իրականացնում ենք աշխատանքներ տարբեր կազմակերպությունների հետ՝ առևտրի և սպասարկման կազմակերպություններում վճարային QR կոդի գեներացումը ապահովելու համար:
– Ի՞նչ նոր հնարավորություններ են սպասվում PayX-ի կողմից առաջիկայում
Նախատեսում ենք հավելվածում ավելացնել մի քանի նոր ծառայություն, ինչպես նաև ակտիվ կիրառել MerchantX հավելվածը, որը ոչ միայն հնարավորություն է տալիս QR կոդի գեներացման միջոցով ստանալ վճարում, այլ նաև ապահովում է առցանց վճարումների ընդունումը: Այդ հնարավորությունը առաջին հերթին պահանջված է առաքման ծառայություններ և հեռակա պատվերներ ընդունող՝ այդ թվում տուրիստական ոլորտում ներգրավված գործակալությունների կողմից։ Այս գործիքի կիրառումը և վճարումը ընդունողի և վճարողի համար անվտանգ է, հարմար է և վերահսկելի է:
Ավելին՝ ծառայությունից օգտվելու համար որևէ ներդրում կատարել պետք չէ, հավելվածը տրամադրում ենք անվճար։
– Ո՞ր ոլորտների հետ է համագործակցում PayX-ը
– Մենք համագործակցում են առաջին հերթին ֆինանսական ոլորտի կազմակերպությունների՝ բանկերի և վճարային համակարգերի հետ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների հետ և բաց ենք համագործակցության համար։ Մենք որևէ կազմակերպության հետ չենք մրցակցում և պատրաստ ենք համագործակցել նույնիսկ այն ընկերությունների հետ, որոնք մեզ մրցակից են համարում:
– Պահանջված են արդյո՞ք մոբայլ վճարային համակարգերը Հայաստանում
– Ես կարծում եմ, որ այո՝ այլապես անիմաստ կլիներ մեր աշխատանքը: Ձգտում ենք այնպես անել, որ մոբայլ վճարումները հասանելի դառնան նույնիսկ այնտեղ, որտեղ մինչ այդ քարտով վճարում չի եղել:
– Կնշեք խնդրեմ ֆինտեխի ամենահեռանկարային ուղղությունները
– Ֆինտեխի նպատակը՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով ֆինանսական ոլորտում նոր ծառայությունների մատուցումն է, այդ թվում նոր ֆինանսական և վճարային գործիքների ստեղծումը, հեռակա սպասարկման համար բոլոր պրոցեսների հեշտացումը։
Հայաստանյան հավելվածները հագեցած են շատ ֆունկցիաներով, բայց մենք ունենք շուկայի խնդիր՝մեզ մոտ պահանջարկը վերջնական ձևավորված չէ և մոբայլ ծառայությունները դեռ լայնորեն պահանջված չեն օգտատերերի կողմից:
Մինչդեռ Եվրոպական երկներում մոբայլ տեխնոլոգիաները պահանջված են և ֆինտեխի զարգացվածության աստիճանը անհամեմատ բարձր է՝ Եվրամիությունում նույնիսկ ընդունված է PSD 2 պահանջը, որը պարտադրում է բանկերին ունենալ սերվիսներ ֆինտեխի համար:
– Ի՞նչ խորհուրդ կտաք ֆինտեխով զբաղվող սկսնակներին
Փորձը ցույց է տալիս՝ առաջ քաշել նորարարություն ֆինտեխում շատ դժվար է, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս նախքան աշխատանքները ձեռնարկելն ուսումնասիրել դրսի փորձը և ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը կարող է օգտագործվել նաև արտերկրում:




