Highway ֆինտեք ընկերությունը մասնագիտանում է հաջորդ սերնդի բանկային ենթակառուցվածքային հարթակների ստեղծման վրա։ Դա թույլ է տալիս հաճախորդ բանկերին ընդլայնել իրենց թվային հնարավորությունները և փոխակերպել հնացած համակարգերը։
Fintech.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիրներից մեկի՝ Դավիթ Բալոյանի հետ:
Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականի գարնանը: Highway-ի համահիմնադիրները հինգն են, ովքեր ունեն և՛ ֆինանսական, և՛ տեխնոլոգիայի ոլորտներում երկար տարիներ փորձ ու գիտելիք։
«Մենք համախմբվել ենք բարդ և հնացած ֆինանսաբանկային տեխնոլոգիաները վերափոխելու պարզ, ժամանակակից և հասանելի լուծումների: Այսօր ամբողջ աշխարհում՝ գրեթե բոլոր որոլտներում շատ մեծ արագությամբ աճում է թվային ուղիներով ծառայությունների մատուցման տեմպերը։ Բանկային ոլորտը բացառություն չէ, սակայն թվային տրանսֆորմացիան բանկերի մոտ շատ ավելի դանդաղ և բարդ պրոցես է։ Մեր նպատակն է օգնել բանկերին ավելի արագ և սահուն կերպով իրականացնելու այս թվային տրանսֆորմացիան՝ նրանց տրամադրելով թվային բիզնեսի համար անհրաժեշտ ճիշտ ենթակառուցվածքային լուծումներ»,- ասում է Դավիթ Բալոյանը:
Այս նպատակով այսօր Highway-ը մշակվում է հետևյալ պրոդուկտներն ու լուծումները
– Քոռ Բանկային Համակարգը (Core banking system)
– Բիզնես պրոցեսների կառավարման համակարգ (BPM)
– Վարկային սքորինգային համակարգ (Credit scoring system)
– Թվային վարկավորման հարթակ (Digital lending platform)
– Մոբայլ բանկինգ հավելված (Mobile banking app)
Բիզնեսը
Highway-ը B2B բիզնես է: Թիրախային հաճախորդները բանկերն ու վարկային կազմակերպություններն են, ովքեր ուզում են թվային ուղիներով իրենց ծառայություններն առաջարկել իրենց հաճախորդներին։ Ընկերությունը նախատեսում է իրենց պրոդուկտները վաճառել թե՛ Հայաստանի շուկայում, թե՛ միջազգային տարբեր շուկաներում:
Highway-ի պրոդուկտներից օգտվող բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստանալու շատ նորարարական լուծումներ առաջարկել իրենց հաճախորդներին։
«Խոսքը գնում է ոչ միայն ֆինանսական, այլև ոչ ֆինանսական ծառայությունների մասին։ Մեր API-ների շնորհիվ էականորեն հեշտանում և արագանում է ցանկացած այլ պրոդուկտի հետ ինտեգրացիան, ինչը անսահման նորարարություններ անելու հնարավորություն է ստեղծում մեր հաճախորդների համար»,- ասում է Դավիթը:
Ըստ համահիմնադրի, Highway-ում իրենք ունեն նորարարությունների հանդեպ շատ բաց և խրախուսող մշակույթ։ Ցանկացած նոր գաղափար քննարկվում է թիմում և դրանից ելնելով՝ որոշվում է դրա հետագա զարգացումը։
«Իմ կարծիքով՝ ցանկացած գաղափար բիզնեսի վերածելու համար պետք է կարողանալ հստակ տարանջատել գաղափարի հետազոտությունը դրա իրականացումից, որովհետև հենց գաղափարի իրականացման որակն է, որ գաղափարը բիզնեսի է վերածում»,-նշում է Դավիթ Բալոյանը:
Թիմը.
Այսօր Highway-ն ունի ավելի քան հիսուն թիմակից:
«Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր Հայաստանում չկա այս ոլորտում գործունեություն ծավալող ստարտափ։ Իհարկե, ֆինանսական ոլորտի տարբեր պրոդուկտներ և լուծումներ մշակող ընկերություններ կան, սակայն այն, ինչ մենք ենք կառուցում՝ ոչ։ Այս իմաստով մենք տարբերվում ենք նրանով, որ շատ սպեցիֆիկ և խորը ֆինտեք ոլորտի գիտելիք է կուտակված մեր թիմում, որն արդեն իսկ շատ մեծ արժեք է հաղորդում մեր ընկերությանը»,- նշում է Դավիթը:
Ընդլայնումը.
Ընկերությունն այժմ գտնվում է պրոդուկտների MVP-ների մշակման վերջնական փուլում, և նախատեսվում է մինչև 2022 թվականի վերջ ավարտին հասցնել դրանք։
«Այսօր մենք արդեն աշխատում ենք Հայաստանյան առաջատար բանկերից մեկի հետ և նպատակ ենք դրել 2023 թվականին ավելացնել մեր հաճախորդների քանակը Հայաստանում»,- ասաց Դավիթը:
Ներդրումներ.
Ընկերությունը հիմնադրելուց հետո 6 ամիս անց հաջողվել է ստանալ առաջին ներդրումը՝ 2մլն ԱՄՆ դոլար: Ներդրումն իրականացվել է հայաստանցի մասնավոր ներդրողների մի խմբի կողմից։ Սա կարելի է դիտարկել որպես Սիդ ռաունդի ներդրում, որից հետո հաջորդ ներդրումային ռաունդը կլինի արդեն ռաունդ Ա-ն։ Հիմնադիրները փորձում են մշտապես պահել կապը պոտենցիալ ներդրողների հետ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, կարողանան հնարավորինս արագ նոր ներդրումներ ներգրավել։
Խոչընդոտներ ներդրումների ժամանակ.
«Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ առաջնային հարցը ներդրումներ ներգրավելու ժամանակ այն է, որ շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք տվյալ ներդրողը կիսում է ընկերության զարգացման վերաբերյալ հիմնադիրների տեսլականը, թե ոչ։ Եթե դա այդպես չէ, ապա իմ խորհուրդն է բոլոր հիմնադիրներին չաշխատել այդպիսի ներդրողների հետ՝ անկախ ֆինանսական կոմպոնենտից: Ցավոք սրտի, ես տեսել եմ դեպքեր, երբ հիմնադիրներն իրենք են իրենց տեսլականը «համապատասխանեցնում» ներդրողների տեսլականին՝ ներդրումը ստանալու ակնկալիքով։ Մեզ համար սա անընդունելի մոտեցում է, քանի որ վստահ եմ, որ սա ընկերությունը ձախողման տանելու ամենաարագ ճանապարհն է»,-ընդգծում է Դավիթը:
Թի՞մ, թե՞ գաղափար.
Եթե ֆինանսական կոմպոնենտն անտեսենք, քանի որ առանց դրա ընկերությունը կդադարի գործել, ապա գաղափարը շատ կարևոր է: Բայց երբ հասնում ես իրագործմանը, բախվում ես ճիշտ թիմ գտնելու խնդրին, չէ որ գաղափարը կյանքի կոչողը թիմն է: Ցանկացած մտքի իրագործումն ավելի կարևոր է, քան մտքի հանճարեղությունը»,- ասում է Դավիթը:
Տեսլականն ու հեռանկարը.
«Մեր տեսլականն է Highway-ը զարգացնել և դարձնել միջազգային ընկերութուն։ Մենք տեսնում ենք, որ մեր կողմից մշակված պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում և նախատեսում ենք ընդլայնել մեր աշխարհագրությունը՝ մեր լուծումներն առաջարկելով տարբեր շուկաներում»։
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին: