spot_imgspot_imgspot_imgspot_img

ՀՀ Աշխատաշուկա 2022

ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծություն, աշխատավարձեր, աշխատաշուկայի հիմնական ցուցանիշներ

Վերլուծությունն իրականացվել է staff.am-ի կողմից

Ձեզ ենք ներկայացնում staff.am-ի թվով արդեն վեցերորդ վերլուծությունը նվիրված աշխատաշուկային։

«ՀՀ Աշխատաշուկա 2022»-ի հիմնական ենթաբաժիններն են՝

• Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2022թ.-ի ընթացքում։
• Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները
• Մարզային հաստիքների ուսումնասիրություն
• Աշխատավարձերի ուսումնասիրություն
• Գնաճի և իրական աշխատավարձի վերլուծություն։
• Նեղ մասնագիտական ոլորտների ուսումնասիրություն և այլն։

Մակրոտնտեսական վերլուծությունը կատարվել է «Մոդեքս» ընկերության կողմից՝ հատուկ «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2022» զեկույցի շրջանակներում։ Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 40,000 աշխատանքի հայտարարություն՝ 2021-2022թ.թ. ժամանակահատվածի համար։

Ստորև ներկայացված է ընդհանրական անդրադարձ, իսկ ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հղմամբ։

1. 2022թ.-ի ամենապահանջված մասնագիտությունը Ծրագրավորումն է, որին հաջորդում են «Բանկային և վարկային գործ» մասնագիտությունը և վաճառքի ու սպասարկման ոլորտի մասնագիտությունները։

Այս գրաֆիկում համեմատել ենք 2022 թ.-ի ամենապահանջված 10 մասնագիտությունների ակտիվության դինամիկան ըստ ամիսների։ Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի աշխատանքների նվազմանը զուգահեռ, նվազել է Մարքեթինգի և Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագիտությունների պահանջարկը, որը պայմանավորված է նրանով, որ այս ոլորտի մասնագետների զգալի ներկայացվածություն կա «Տեղեկատվական Տեխնոլոգիաներ» ոլորտի ընկերություններում, և բնականաբար կրճատումներն ու ակտիվության անկումը ՏՏ ոլորտում անդրադարձել է այս երկու մասնագիտական ուղղությունների վրա նույնպես։ Տարվա սկզբի համեմատ մեծ ակտիվություն է գրանցվել բանկային, ֆինանսական և խորհրդատվական մասնագիտությունների պահանջարկի առումով։

2. Գրաֆիկում ներկայացված են գործատուների այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 42%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին։ Ընդ որում՝ այս ոլորտի ընկերություններն ակտիվորեն համալրում են իրենց թիմերը ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներով (ծրագրավորում, որակի կառավարում, DevOps և այլն)՝ այլ նաև այլ ոլորտների մասնագետներով․ օրինակ՝ վաճառքի և հաճախորդների տեխնիկական սպասարկման մասնագետների, թվային մարքեթինգի և կոնտենտի ստեղծման մասնագետների։ Չնայած որ ՏՏ ոլորտն այս տարի գրանցել է անկում, միևնույնն է այն առաջատարի դիրքում է իր ակտիվությամբ։


2022թ.-ին ակտիվության աճ են գրանցել ՀՀ բանկերը և ունիվերսալ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև Հեռահաղորդակցության ոլորտը, Օնլայն ծառայությունների ոլորտը, Խորհրդատվական ընկերությունները։ Այս ամենը հիմնականում պայմանավորված է ԱՊՀ երկրներից ՀՀ տեղափոխված մարդկանց հոսքով։

3. Գրաֆիկում ներկայացված է միջին ամսական անվանական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսի (գնաճի) դինամիկան 2022թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համար։ Սպառողական գների ինդեքսի և միջին ամսական անվանական աշխատավարձի տարբերությունը տվյալ ամսվա համար իրենից ներկայացնում է իրական աշխատավարձը։ Յուրաքանչյուր ամսվա համար տրված տոկոսային փոփոխությունը նշված է նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ։ Միջին ամսական անվանական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսի ամենամեծ տարբերությունն արձանագրվել է 2022թ․-ի հունիս ամսին։


Աղբյուր՝ ՀՀ ՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022թ. հունվար- հոկտեմբերին», «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-նոյեմբերին»:

4. Գրաֆիկում ներկայացված են ՀՀ ամենաակտիվ 20 գործատուները համալրման ծավալներով։ Ներկայացված 20 ընկերություններից 9-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, համեմատած նախորդ տարվա 11-ի հետ։ 20 ընկերություններից 7-ը ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ են։ Առհասարակ 2022թ.-ի ընթացքում ֆինանսաբանկային ոլորտը աննախադեպ աճ է գրանցել աշխատաշուկայի ակտիվության տեսանկյունից։

5. Այս տարի մարզային քաղաքները գրանցել են աննախադեպ ակտիվություն staff.am-ում հրապարակված հաստիքների քանակով։ 2021թ.-ին հաստիքների 94.4%-ը Երևան քաղաքում էր, իսկ 2022թ.-ին այդ ցուցանիշն իջել է 88.3%-ի։ Ակտիվության աճ են գրանցել Գյումրի, Վանաձոր, Իջևան և մի քանի այլ քաղաքներ։ Մարզային քաղաքներում հիմնականում ակտիվություն են ցուցաբերել այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր տվյալ քաղաքում։ Օրինակ մարզերում 20 ամենաակտիվ գործատուներից 9-ը ֆինանսաբանկային ոլորտից են, որոնք հավաքագրում են կատարում մարզային մասնաճյուղերի համար։ 4-ը ՏՏ ոլորտից են, որոնք ունեն համեմատաբար մեծ գրասենյակներ մարզերում։

Հաշվի առնելով Հեռահաղորդակցության ոլորտի ցուցաբերած ակտիվությունը 2022թ.-ին, ոլորտի երեք խոշոր ընկերություն նույնպես ընդգրկվել են թոփ քսանյակում։

6. Գրաֆիկում պատկերված է աշխատողների միջին թիվն ըստ տնտեսական գործունեության տեսակների։ Նշենք, որ այս տվյալների աղբյուրը ՀՀ Վիճակագրական կոմիտեն է։ Գրաֆիկում նշված է նաև յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի համար միջին աշխատավարձը։ Եթե համեմատենք 2021թ.-ի նույն ժամանակահատվածի հետ (տես՝ https://staff.am/staffmedia/ra-labor-market-2021/, 2.2 ենթաբաժին), ապա հետևյալ ոլորտներում գրանցվել է աշխատողների թվի աճ՝ Կրթություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և առևտուր։

Աշխատավարձի աճ գրանցվել է մի շարք ոլորտներում, որոնցից ամենազգալին արձանագրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինանսաբանկային, Հանքագործական, Գիտության և մի շարք այլ ոլորտներում։

7. Պատմականորեն ամբողջ դրույքով աշխատանքները գերակշռել է ՀՀ աշխատաշուկայում։ Համեմատելով 2021թ.-ի հետ, կարող ենք նշել, որ նախորդ տարի «Հեռահար» տիպի հաստիքները բոլոր հաստիքների 1%-ն էին, իսկ այս տարի հեռահար աշխատանքների նկատմամբ պահանաջարկը նվազել է մինչև բոլոր հաստիքների 0.4%-ը։ Հեռահար աշխատանքների պահանջարկի աճը 2021թ.-ին պայմանավորված էր երկու հիմնական գործոնով. առաջինը՝ համավարակի պատճառով ընկերությունները դեռ լիարժեք չէին վերադարձել գրասենյակային աշխատանքի, և երկրորդը՝ միջազգային ընկերությունների կողմից մեծ պահանջարկ կար ՀՀ-ում գտնվող ՏՏ և հարակից ոլորտների մասնագետների նկատմամբ։

Ընդ որում՝ վերջին գործոնը բավականին ակտիվ էր 2022թ. առաջին կիսամյակին, սակայն ՏՏ ոլորտում համաշխարհային ճգնաժամի և կրճատումների պատճառով, այս գործոնի ազդեցությունը ավելի կարևորվեց։

 

staff.am-ի մասին
staff.am-ը ՀՀ առաջատար կարիերայի օնլայն հարթակ է, որն օրական կտրվածքով մշակում է հազարավոր տվյալներ, օգնում է հարյուրավոր գործատուների և աշխատանք փնտրողների գտնել նոր թիմակիցներ և ցանկալի աշխատանք։ staff.am-ն իր գործունեության հինգ տարիների ընթացքում բազմիցս կատարել է աշխատաշուկայի ուսումնասիրություններ, հարցումներ, վերլուծություններ և կիսվել դրանք իր հետևորդների հետ։ staff.am-ի վեբ կայքն ու մոբայլ հավելվածը օրական կտրվածքով ավելի քան 12,000 այցելություն ունի և հանդիսանում է ՀՀ ամենաշատ այցելություններ ունեցող կայքերից մեկը։

staff.am-ում այս պահին գրանցված է ավելի քան 4,000 գործատու Հայաստանից և արտերկից։

Մեդիա և հաղորդակցության հարցերով պատասխանատու՝
Նազելի Բադալյան, Հաղորդակցության գծով ղեկավար
+374 11 900 901
[email protected]

 

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Ozon մարկետփլեյսը հայկական շուկա մուտք կգործի աշնանը

Ռուսական Ozon մարկետփլեյսը հայկական շուկա մուտք կգործի այս տարվա աշնանը։ Come...

Binance-ի իրավիճակով պայմանավորված կրիպտո թրեյդերները օրական կորցրել են գրեթե $300 միլիոն

Binance կրիպտոարժույթի բորսայի հետ կապված խնդիրների պատճառով ամենաշատը տուժել են հենց...

Ozon-ը գործարկել է առցանց ամսագիր ձեռնարկատերերի համար

Ozon մարքեթփլեյսը գործարկել է «Бестселлер» առցանց ամսագիրը ձեռնարկատերերի համար: Պարբերականի բովանդակությունը...

Apple WWDC 2023. ի՞նչ նոր պրոդուկտներ է ներկայացրել ընկերությունը

Շնորհանդեսը տեղի է ունեցել՝ Կուպերտինոյում, որը հեռարձակվել է Youtube-ով։ Ընկերությունը ներկայացրել...