Հայաստանում առաջիկայում կհայտարարվի ազգային վենչուրային ֆոնդի բացման մասին: Ֆոնդի ընդհանուր ծավալը 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, որից 9 մլն-ը ներդնում է պետությունը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ ֆոնդի բացման մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին:
«Մեր ցանկությունն է հնարավորինս հայկական ընկերություններին տրամադրել ֆինանասվորումը»,- նշեց նախարարը:
Նա հավելել է, որ առաջիկա պլանների մեջ է մտնում ֆոնդի ծավալներն ընդլայնելը:
Նախարարն ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարել էր, որ վենչուրային ֆոնդի գրանցման գործընթացը սկսված է: Մրցույթով ընտրված օպերատոր-ընկերության հետ մշակվում է համաձայնագիրը: Այս նախագծի իրականացումն ապահովելու համար նախարարությունը համագործակցում է Համաշխարհային բանկի հետ: