Փետրվարի 22-ից Ֆրանսիայի խանութներում և որոշ սրճարաններում կհայտնվեն Binance հավելվածով աշխատող վճարային տերմինալներ: Նախագծին առաջինը մասնակցել են Miss Opéra բուտիկն ու Le Carlie բարը, որոնք գտնվում են Փարիզում, հայտնում է ֆրանսիական LesEchos թերթը։
Ingenico տերմինալով կրիպտոարժույթների ընդունումը սկսելու համար վաճառողը պետք է գրանցվի Binance հավելվածում և ընտրի առաջարկվող արժույթներից մեկը։ Այս պահին վճարումը հասանելի է USDT եւ BUSD սթեյբլքոիններով: Գործարքը կատարելու համար անհրաժեշտ է ստեղծել QR կոդ, որը գնորդը սկանավորելու է Binance հավելվածի միջոցով: Դա հնարավոր է դարձել POS տերմինալների խոշորագույն արտադրող Ingenico-ի հետ համագործակցության շնորհիվ:
Ingenico Group-ը տարեկան արտադրում է ավելի քան 7 միլիոն POS տերմինալ, ինչը ընկերությանը դարձնում է վճարումների ընդունման սարքավորումների խոշորագույն մատակարարներից մեկն աշխարհում: Binance-ի համագործակցությունը Ingenico-ի հետ լայն հնարավորություններ է բացում եվրոպական այլ երկրներում կրիպտոարժույթներով գնումների հասանելիության համար: