Համաշխարհային ֆոնդային շուկան երկու օրվա ընթացքում կորցրել է 465 միլիարդ դոլար կապիտալիզացիա՝ SVB բանկի փլուզումից հետո: Այդ ամենը տեղի է ունեցել ամերիկյան և ճապոնական ֆինանսական ընկերություններում ներդրումային պորտֆելների կրճատման ֆոնին, տեղեկանում ենք Bloomberg-ից։
Պարբերականի լրագրողների կարծիքով, պարտատոմսերը և այլ ֆինանսական գործիքները կարող են տուժել նաև առաջիկա օրերին կրիպտոարդյունաբերության համար կարևոր մի քանի բանկերի սպասվող ճգնաժամի պատճառով:
MSCI World Financial Index-ի և MSCI EM Financials Index-ում ընդգրկված ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքը ուրբաթ օրվանից նվազել է մոտ 465 մլրդ դոլարով: Առավել լուրջ վնասներ կրել են ԱՄՆ-ի բանկերը: Բանկային գործունեության տարածաշրջանային ցուցանիշը շաբաթվա սկզբին նվազել է 7,7%, որը ռեկորդային է վերջին երեք տարվա ընթացքում.
MSCI Asia Pacific Financials Index-ն իր հերթին նվազել է 2,7%-ով: Վերջին անգամ այստեսակ ցածր ցուցանիշ եղել է նոյեմբերի 29-ին։ Mitsubishi UFJ Financial Group Inc.-ը Ճապոնիայում կորցրել է 8.3%, Հարավկորեական Hana Financial Group Inc.-ը նվազել է 4,7%-ով, իսկ Ավստրալիայի ANZ Group Holdings Ltd.-ը նվազել է 2,8%-ով:
ԱՄՆ գանձապետարանի եկամտաբերությունը նվազում է, քանի որ Fed-ը կարող է ժամանակավորապես սառեցնել տոկոսադրույքների բարձրացումը՝ այսկերպ փորձելով պահպանել կայունությունը բանկային ոլորտում:SVB-ի փլուզումը բացասաբար է անդրադարձել նաև եվրոպական բանկերի վրա: Օրինակ Credit Suisse Group AG-ի արժեթղթերն էժանացել են 15%-ով։
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում գրանցված Silicon Valley Bank-ը սնանկ է ճանաչվել, ինչը ԱՄՆ բանկային համակարգում երկրորդ խոշորագույն սնանկացումն է 2008թ. Washington Mutual-ի փակվելուց հետո: Silicon Valley Bank-ը ԱՄՆ-ի 16 խոշորագույն բանկերի թվում էր: