Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար ֆիլմեր ստեղծելու համար, պարզել է Bloomberg-ը։ Ընկերությունը պատրաստվում է օգտագործել կինոթատրոնները՝ սեփական հոսքային ծառայությունը խթանելու համար։
Գործակալության աղբյուրների խոսքով՝ Apple-ը հետապնդում է Հոլիվուդում իր հեղինակությունը բարձրացնելու նպատակ: Ընկերությունն արդեն դիմել է մի քանի խոշոր ստուդիաների՝ համագործակցության առաջարկով։
Պոտենցիալ թողարկումների ցանկում ներառվել են Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» վեսթերնը, որտեղ գլխավոր դերակատարներն են Լեոնարդո Դի Կապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն: Ֆիլմը մայիսին կցուցադրվի Կաննի 76-րդ կինոփառատոնում։ Այն, որ նկարահանումները ֆինանսավորվել են, այդ թվում՝ Apple TV+-ի կողմից, հայտնի էր ավելի վաղ։ Ընկերության և ստուդիաների մեկ այլ համատեղ նախագիծ, ըստ աղբյուրների, կարող է լինել Ռիդլի Սքոթի Նապոլեոնը Խոակին Ֆենիքսի հետ։
Գործակալության զրուցակիցները հավելել են, որ Apple-ի ներդրումներն այս ոլորտում նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել են։ Նախկինում ընկերության ֆիլմերի մեծ մասը կա՛մ հասանելի էր միայն հոսքային ծառայության միջոցով, կա՛մ ցուցադրվում էր սահմանափակ թվով կինոթատրոններում։ Այժմ Apple-ը մտադիր է իր ֆիլմերը ցուցադրել հազարավոր կինոթատրոններում առնվազն մեկ ամսով։