Առցանց գնորդների գրեթե կեսը՝ 48%-ը, այժմ օգտագործում է ԱԲ՝ նախքան գնումներ կատարելը ապրանքներն ուսումնասիրելու համար։ Այս մասին նշվում է PYMNTS Intelligence-ի և Visa Acceptance Solutions-ի համատեղ զեկույցում։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սպառողները շարունակ ավելի մեծ պատրաստակամությամբ են վստահում ԱԲ-ին ապրանքների համեմատության, լավագույն առաջարկների որոնման և հավատարմության ծրագրերի կառավարման հարցերում։ Սակայն վճարումներ կատարելու փուլում նրանք դեռ ցանկանում են պահպանել վերահսկողությունը և ինքնուրույն հաստատել գործարքները, ինչպես նաև ակնկալում են տվյալների պաշտպանության վստահելի համակարգերի առկայություն և գնումները չեղարկելու հնարավորություններ։
ԱԲ վաճառողների համար ևս նոր հնարավորություններ է ստեղծում՝ անհատականացված առաջարկներ տրամադրելու, հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու և գնումների փորձառությունը բարելավելու համար։ Միևնույն ժամանակ, բիզնեսները մտահոգված են խարդախությունների ռիսկերի, գնային վերահսկողության պահպանման և հաճախորդների տվյալների պաշտպանության համար, ինչպես նաև այն հանգամանքով, որ ԱԲ գործակալները կարող են հաճախորդներին ուղղորդել մրցակիցների կայքեր։
Զեկույցը նաև ընդգծում է վճարային ենթակառուցվածքների կարևորությունը ԱԲ-ով կառավարվող առևտրի զարգացման գործում։ Թեև վճարային ոլորտի ընկերությունները վստահ են, որ գործող համակարգերը կարող են գործել նոր ձևավորվող ԱԲ մոդելին համապատասխան, կարգավորումների անորոշությունը, խարդախությունների կանխարգելումը և պատասխանատվությունների հստակ սահմանումների բացակայությունը շարունակում են մնալ հիմնական մարտահրավերները։
Հետազոտությունը հիմնված է 2026թ.-ի սկզբին ԱՄՆ-ում, Բրազիլիայում և ԱՄԷ-ում անցկացված հարցումների վրա և ընդգրկում է ավելի քան 5,200 սպառող, 1,180 առևտրային ընկերություն և վճարային ծառայություններ մատուցող 150 կազմակերպություն։ Ըստ զեկույցի՝ ԱԲ-ով առևտրի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի սպառողների, բիզնեսների և վճարային համակարգերի միջև վստահության ձևավորումից։




