«Nature and Bond Markets: A Path Forward for the Region» խորագրով միջոցառում
Հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան (AMX), ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաների» (UN SSE) նախաձեռնության հետ համատեղ և «Պատասխանատու ներդրումների սկզբունքներ» (Principles for Responsible Investment, PRI) նախաձեռնության աջակցությամբ, հոկտեմբերի 27-ին կազմակերպել է «Nature and Bond Markets: A Path Forward for the Region» խորագրով համաժողով-քննարկում։
Միջոցառումը համախմբել է կապիտալի շուկայի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու բնության պահպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման, կայուն ներդրումների խթանման և տարածաշրջանում պարտատոմսերի շուկաների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ֆոնդային բորսայի բիզնեսի զարգացման գծով ղեկավար Հակոբ Վարդանյանը։ Իր ելույթում նա ընդգծել է կապիտալի շուկաների կարևոր դերը կայուն տնտեսական զարգացման և բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման գործում՝ նշելով, որ ֆոնդային բորսաները ոչ միայն արժեթղթերի առևտրի հարթակներ են, այլև կապիտալը ներդրումային հնարավորություններին կապող և երկարաժամկետ ներդրումները խթանող կարևոր ինստիտուտներ։
Հակոբ Վարդանյանն անդրադարձել է նաև կանաչ և կայուն զարգացման պարտատոմսերի ներուժին՝ որպես բնապահպանական դրական ազդեցություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման գործիքների։ Նա կարևորել է պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, ներդրողների և միջազգային գործընկերների միջև համագործակցությունը՝ Հայաստանում և տարածաշրջանում կայուն ֆինանսավորման հնարավորություններն ընդլայնելու նպատակով։
Համաժողովի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես են եկել «Nature Bonds Initiative»-ի համահիմնադիր դոկտոր Յան Ամրիտ Պոզերը և BlackRock ընկերության բազմաակտիվային ռազմավարությունների և լուծումների գծով գլխավոր ներդրումային տնօրեն Չերի Մյուիսոնը։ Բանախոսներն անդրադարձել են բնության պահպանությանն ուղղված պարտատոմսերի զարգացման հեռանկարներին, դրանց կիրառման հնարավորություններին, կայուն ֆինանսավորման համաշխարհային միտումներին, ինչպես նաև ներդրումային որոշումների կայացման գործընթացում կենսաբազմազանության հետ կապված ռիսկերի գնահատման և բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գործում կապիտալի շուկաների դերին։
Միջոցառման առանցքային բաղադրիչներից էր «Financing a Greener Future: The Role of Exchanges and Sustainable Bonds in Armenia and the Region» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի զարգացման վարչության պետ Աշոտ Պետրոսյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կապիտալի շուկաների և ներդրումային բանկինգի վարչության ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը, Մոսկվայի բորսայի (MOEX) կայուն զարգացման ուղղության ղեկավար Մաքսիմ Կոչետկովը և Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման բաժնի ղեկավար Մարիյա Հակոբյանը։ Քննարկումը վարել է Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Լիգիա Ղազարյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության պահպանության և կապիտալի շուկաների փոխկապակցվածությանը, բնապահպանական նպատակներին ծառայող ֆինանսական գործիքների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև կանաչ և կայուն պարտատոմսերի միջոցով ներդրումների ներգրավման հնարավորություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը և կապիտալի շուկաների ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ կայուն զարգացման նպատակների իրագործման համար։
Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» նախաձեռնության (UN SSE) ակադեմիայի ղեկավար Թիֆանի Գրաբսկին՝ ամփոփելով քննարկումների հիմնական թեմաները և ընդգծելով միջազգային համագործակցության ու փորձի փոխանակման կարևորությունը կայուն ֆինանսավորման զարգացման գործում։
Հայաստանի ֆոնդային բորսայի և միջազգային գործընկերների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովը կարևոր հարթակ է դարձել ոլորտի ներկայացուցիչների միջև մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման համար։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծել է կապիտալի շուկաների դերը բնապահպանական առաջնահերթությունների և ներդրումային հնարավորությունների համադրման գործում՝ նպաստելով Հայաստանում և տարածաշրջանում կայուն ֆինանսավորման զարգացման շուրջ քննարկումների խորացմանը։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։




