Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները գնահատելու, առանձին բանկերի գործունեությունը համադրելու և մրցակցային միջավայրն ավելի ամբողջական պատկերացնելու համար։
Գրանթ Թորնթոն Հայաստանը թարմացրել է ՀՀ առևտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծական հարթակը՝ ընդգրկելով 2015–2025 թվականների տվյալները։ Ինտերակտիվ Tableau հարթակում մեկտեղված տվյալները հնարավորություն են տալիս ուսումնասիրել բանկերի ֆինանսական ցուցանիշների փոփոխությունները երկարաժամկետ կտրվածքով, համադրել տարբեր բանկերի արդյունքները և գնահատել դրանց դիրքի փոփոխությունները ժամանակի ընթացքում։
Վերլուծության հիմնական ուղղությունները
Վերլուծությունն ընդգրկում է հինգ հիմնական ուղղություն՝
- Ընդհանուր տեղեկատվություն։ Ներկայացված են ՀՀ բանկերի հիմնական ցուցանիշներն ըստ տարիների։ Խմբային (կլաստերային) վերլուծությունը հնարավորություն է տալիս բանկերը դասակարգել ըստ իրենց ցուցանիշների, բացահայտել նմանություններն ու տարբերությունները և գնահատել դրանց դիրքը բանկային համակարգում։
- Ֆինանսական վիճակ։ Բաժինն ընդգրկում է բանկերի ֆինանսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները՝ 2015–2025 թվականների կտրվածքով։ Տվյալների բաշխման վերլուծության միջոցով հնարավոր է ուսումնասիրել բանկերի դիրքը ֆինանսական ցուցանիշների ընդհանուր համատեքստում և հետևել դրա փոփոխություններին ժամանակի ընթացքում։
- Ֆինանսական արդյունքներ։ Այս բաժնում ներկայացված են բանկերի շահութաբերության, եկամուտների, ծախսերի և այլ հիմնական ֆինանսական ցուցանիշների տվյալները։ Դրանք հնարավորություն են տալիս համադրել բանկերի ֆինանսական արդյունքները, ուսումնասիրել դրանց դինամիկան և բացահայտել տարբեր բանկերի ցուցանիշների միջև առկա նմանություններն ու տարբերությունները։
- Վարկեր։ Բաժնում ուսումնասիրվում են բանկերի վարկային պորտֆելները՝ ըստ հաճախորդների կատեգորիաների, ինչպես նաև վարկերի արժեզրկման պահուստների հարաբերակցությունը վարկային պորտֆելին։ Այս տվյալները հնարավորություն են տալիս դիտարկել վարկավորման կառուցվածքը և համապատասխան ցուցանիշների փոփոխությունները ժամանակի ընթացքում։
- Ցուցանիշներ։ Այս բաժինը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ընտրված ֆինանսական ցուցանիշների փոխհարաբերությունները և համադրել բանկերի դիրքերը՝ ըստ ընտրված չափանիշների։ Տվյալների դինամիկ ներկայացումը թույլ է տալիս հետևել այդ հարաբերակցությունների և բանկերի դիրքերի փոփոխություններին դիտարկվող ժամանակահատվածում։
Ինտերակտիվ վերլուծություն՝ երկարաժամկետ միտումների ուսումնասիրման համար
2015–2025 թվականների տվյալների համադրությունը հնարավորություն է տալիս բանկային համակարգի զարգացումները դիտարկել երկարաժամկետ կտրվածքով՝ ուսումնասիրելով ոչ միայն առանձին տարիների ցուցանիշները, այլև դրանց փոփոխության միտումները։
Tableau հարթակի ինտերակտիվ գործիքները թույլ են տալիս ընտրել կոնկրետ բանկ, ֆինանսական ցուցանիշ կամ ժամանակահատված և ուսումնասիրել համապատասխան տվյալները՝ կատարելով համադրություններ տարբեր բանկերի և տարիների միջև։
Վերլուծությունը կարող է օգտակար լինել բանկերի, ֆինանսական ոլորտի մասնագետների, վերլուծաբանների, ներդրողների, հետազոտողների և ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար՝ ֆինանսական ցուցանիշներն ուսումնասիրելու, բանկերի գործունեությունը համադրելու և բանկային համակարգի զարգացման միտումներն ավելի լավ հասկանալու նպատակով։
Վերլուծությունը հիմնված է ՀՀ բանկերի՝ 2015–2025 թվականների աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունների վրա։
Ամբողջական վերլուծությունը հասանելի է Գրանթ Թորնթոն Հայաստանի կայքում՝ ՀՀ բանկերի՝ 2015–2025 թթ. հիմնական ցուցանիշների վերլուծություն
Նշում․ ֆինանսական տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով վերլուծությունը չի ներառում Ֆասթ Բանկի 2022 թվականի ցուցանիշները։




