Backbase բանկային տեխնոլոգիաների հոլանդական ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան Kasisto ԱԲ հարթակը՝ ընդլայնելով իր հնարավորությունները գործակալային ԱԲ ոլորտում։
2013թ.-ին հիմնադրված Kasisto-ն ֆինանսական հաստատություններին առաջարկում է ԱԲ լուծումների լայն շրջանակ՝ սկսած բանկային չատ-օգնականներից մինչև մասնագիտացված ԱԲ գործակալներ։ Ընկերության ծառայություններից օգտվում են տասնյակ բանկեր աշխարհի 16 երկրներում։
Backbase-ը նախատեսում է Kasisto-ի տեխնոլոգիան ինտեգրել իր Banking OS հարթակում, որը ԱԲ-ի վրա հիմնված օպերացիոն համակարգ է և թույլ է տալիս բանկերին ստեղծել ու գործարկել թվային ֆինանսական ծառայություններ՝ իրենց ունեցած ենթակառուցվածքների վրա։
Ընկերության խոսքով՝ միասնական հարթակը բանկերին հնարավորություն կտա ներդնել ԱԲ գործակալներ, որոնք կկարողանան կառավարել հաճախորդի ամբողջ ուղին՝ նախնական հարցումից մինչև վերահսկվող լուծումների տրամադրում՝ չատերի, հաղորդագրությունների և ձայնային մեթոդների միջոցով։
Agentic Banking լուծումների ինտեգրված փաթեթն արդեն հասանելի է ինչպես գործող, այնպես էլ ապագա հաճախորդներին։ Ձեռքբերման արդյունքում Kasisto-ի ամերիկյան թիմը կմիանա Backbase-ին՝ ամրապնդելով ընկերության ներկայությունը հյուսիսամերիկյան շուկայում և աջակցելով նրա հետագա գլոբալ ընդլայնմանը։





