Ֆինանսական համակարգերում տվյալների դերը շարունակաբար մեծանում է, ինչի արդյունքում հիմնովին փոխվում է բանկերի, ֆինթեք ընկերությունների և կարգավորողների փոխգործակցության տրամաբանությունը։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք Doing Digital Forum 2026-ի հիմնական խոսնակ, Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման ղեկավար Վառլամ Էբանոիձեի հետ: Doing Digital Forum-ը, որն այս տարի կրում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը, կանցկացվի ապրիլի 8-ին Երևանում՝ Դվին հոլում։
Ֆորումի ընթացքում Վառլամ Էբանոիձեն կխոսի բաց բանկային գործունեության (Open Banking) զարգացման մասին՝ որպես շուկայի համար կիրառելի գործիք, ինչպես նաև կներկայացնի, թե ինչպես են բաց ֆինանսները տալիս իրական արդյունքներ և ինչ ազդեցություն ունի այս փոփոխությունը տարածաշրջանի ֆինանսական համակարգերի վրա։
-Ինչպե՞ս է այս պահին զարգանում Բաց բանկային գործունեությունը (Open Banking) Վրաստանում: Ձեր կարծիքով, հաճախորդներին իրենց ֆինանսական տվյալների նկատմամբ լիակատար վերահսկողություն տալն ինչպե՞ս է փոխում բանկերի և ֆինթեք ընկերությունների համագործակցությունը:
-Բաց բանկային գործունեությունը Վրաստանում արագորեն առաջ է ընթանում, և մենք արդեն տեսնում ենք հստակ, չափելի արդյունքներ: Այսօր 6 առևտրային բանկեր իրենց թվային ուղիներում ներդրել են Բաց բանկային գործունեության գործառույթներ, իսկ 6 ոչ բանկային կազմակերպություններ ստացել են լիազորություն գործելու այս էկոհամակարգում: Այս դինամիկան տեսանելի է նաև տվյալների մեջ․ բաց բանկային գործունեության ծառայություններից, ընդհանուր առմամբ, օգտվել են 729 հազար 607 անգամ, և արդեն իսկ գրանցվել է ավելի քան 44 հազար օգտատիրոջ հետ փոխգործակցություն, որոնք ներառել են հաշիվների վերաբերյալ տեղետատվության տրամադրում, վճարումների իրականացում և թվային գրանցման ծառայություններ։
Հաճախորդներին իրենց ֆինանսական տվյալների նկատմամբ լիակատար վերահսկողություն տալը հիմնովին վերափոխում է բանկերի և ֆինթեք ընկերությունների փոխհարաբերությունները: Շուկան մեկուսացված մրցակցությունից անցում է կատարում դեպի անվտանգ, համաձայնության վրա հիմնված համագործակցության. բանկերը տրամադրում են վստահելի ենթակառուցվածք, ֆինանսական տեխնոլոգիական ընկերություններն օգտագործում են այդ հասանելիությունը՝ ավելի արագ, անհատականացված և նորարարական ծառայություններ մատուցելու համար: Ի վերջո, սա ստեղծում է ավելի առողջ էկոհամակարգ, որտեղ հաճախորդը դառնում է իրական որոշում կայացնող, իսկ բանկերն ու ֆինթեքները մրցակցում են ավելի լավ արժեք և փորձառություն տրամադրելու համար։
-Վրաստանը շատ ակտիվ է եղել ֆինթեք կարգավորումների ոլորտում: Հետադարձ հայացք գցելով Ազգային բանկի կարգավորման փորձին՝ ո՞րն է մինչ այժմ յուրացրած ամենակարևոր դասը թե՛ կարգավորողի, թե՛ ստարտափների տեսանկյունից։
-Մեր նախաձեռնությունը կարգավորման նոր փիլիսոփայություն է որդեգրել, որը հիմնված է «ցույց տուր ինձ փողը» սկզբունքի վրա՝ շեշտելով, որ իրական նորարարությունը պետք է բերի իրական, չափելի արժեք մարդկանց և տնտեսության համար: Այս մոտեցումը, որը կարելի է բնութագրել որպես «կարգավորողը՝ նորարարի դերում», էական փոփոխություն է բերում այն հարցում, թե ինչպես են գործում կենտրոնական բանկերը։
Վրաստանի ազգային բանկը կիրառել է ներքևից վեր ձևավորվող մոտեցում՝ բացահայտելով շուկայում առկա բացերը և առաջարկելով կիրառելի լուծումներ։ Այս հավասարակշռված մոտեցման արդյունքում ստեղծվել են ծրագրեր, որոնք ոչ միայն փորձարկվել են, այլ նաև ապահովել շոշափելի արդյունքներ։
-Քանի որ թվային ֆինանսներն աճում են ողջ տարածաշրջանում, ի՞նչ դեր կարող են խաղալ կենտրոնական բանկերը Վրաստանի և Հայաստանի նման երկրների միջև միջսահմանային թվային վճարային ենթակառուցվածքների ներդրման հարցում:
-Կենտրոնական բանկերը առանցքային դեր ունեն միջսահմանային թվային ենթակառուցվածքների ձևավորման գործընթացում։ Առաջին հերթին՝ նրանք կարող են կապել ազգային վճարային համակարգերը՝ ապահովելով արագ, անվտանգ և հասանելի գործարքներ։
Կարևոր է նաև երկրների միջև համագործակցությունը՝ լիցենզիաների ճանաչման և համակարգերի համատեղ աշխատանքի համար։ Վճարային համակարգերը կապելով և կանոնները մոտեցնելով՝ կարելի է հեշտացնել միջսահմանային գործարքները և ստեղծել միասնական թվային տնտեսական միջավայր տարածաշրջանում։
-Մի առիթով Բրեթ Քինգն ասել է, որ ապագայի բանկն ավելի շատ նման կլինի տեխնոլոգիական ընկերության, որն ունի ֆինանսական լիցենզիա: Որպես կարգավորող մարմին՝ տեսնում եք արդեն այս փոփոխության դրսևորումները: Մինչև 2050 թվականը ի՞նչպիսինը կլինի բանկային համակարգը։
–Այո, այս տրանսֆորմացիան միանշանակ արդեն ընթացքի մեջ է: Փաստացի մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են խոշոր, ավանդական բանկերն իրենց ակտիվորեն դիրքավորում որպես ֆինթեք ընկերություններ մրցունակ մնալու համար: Ավանդական բանկային գործունեությունը դառնում է թվային էկոհամակարգերի անբաժանելի մասը: Մինչև 2050 թվականը բանկային համակարգը, ամենայն հավանականությամբ, կլինի ամբողջությամբ արհեստական բանականությամբ կառավարվող, խիստ ապակենտրոնացված և գերանհատականացված: Բանկի հիմնական գործառույթն էլ ավելի կտեղափոխվի դեպի վստահության, թվային ինքնության և տվյալների անվտանգության կառավարում, քան պարզապես ձեռքով կատարվող գործարքների մշակում:
–Նրանց համար, ովքեր չեն աշխատում ֆինանսների կամ տեխնոլոգիաների ոլորտներում, ո՞ր ամենակարևոր փոփոխությունն է, որին արժե այսօր ուշադրություն դարձնել։
-Այսօր ամենակարևոր փոփոխություններից մեկը թվային վճարային համակարգերի արագ զարգացումն է և դրանց ինտեգրումը թվային էկոհամակարգերին։ Սա շարունակական գործընթաց է, որը տեղի է ունենում ամեն օր։
Նույնիսկ նրանք, ովքեր չեն աշխատում ֆինանսների ոլորտում, պետք է ուշադրություն դարձնեն այս փոփոխություններին, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն մեր առօրյա կյանքի վրա՝ սկսած վճարումների ձևերից մինչև ծառայությունների հասանելիություն և օգտագործման հարմարավետություն։
Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum-ն ամեն տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային նույնականացման գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker-ը։





