Bending Spoons-ը պատրաստվում է 1.36 միլիարդ կանխիկ դոլարով ձեռք բերել Miro կորպորատիվ համագործակցությունների հարթակը։ Գործարքի շրջանակում ընկերության բաժնեմասային արժեքը կկազմի 1.79 միլիարդ դոլար։ Սա կտրուկ անկում է Miro-ի՝ 2021թ.-ին գրանցած 17.5 միլիարդ դոլար գնահատումից և արտացոլում է համավարակի տարիների բումից հետո SaaS ընկերությունների արժեքների զգալի նվազումը։
2011թ.-ին RealtimeBoard անունով հիմնադրված Miro-ն արագորեն մեծ տարածում գտավ հեռավար աշխատանքի անցման շրջանում՝ թիմերին հնարավորություն տալով համագործակցել թվային գրատախտակների միջոցով։ Ընկերությունը վերջին տվյալներով առաջարկում է ավելի քան 250 հավելվածների ինտեգրումներ և համագործակցում է Microsoft-ի, Zoom-ի, Cisco-ի ու Atlassian-ի նման խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ։
Miro-ի օգտատերերի թիվը 2022թ.-ին 5 միլիոնից հասել էր շուրջ 30 միլիոնի, իսկ վճարովի հաճախորդների բազան աճել էր 550%-ով։ Այսօր, հարթակն ունի ավելի քան 100 միլիոն օգտատեր և ավելի քան 4 միլիոն վճարող հաճախորդ։ Bending Spoons-ի տվյալներով՝ Miro-ի տարեկան պարբերական եկամուտը կազմում է մոտ 600 միլիոն դոլար, որից 90%-ն ընկերությունն ստանում է բիզնես և կորպորատիվ հաճախորդներից։ Ընկերությունը շահութաբեր է և ունի շուրջ 435 միլիոն դոլարի զուտ կանխիկ միջոցներ։
Գնահատման կտրուկ անկումն ընդգծում է SaaS ընկերությունների առջև ծառացած մարտահրավերները համավարակից հետո։ Դրանց ֆոնին, երբ ընկերություններն սկսեցին կրճատել ծախսերը և միավորել տարբեր ծրագրային գործիքները, Miro-ն բախվեց Microsoft-ի, Canva-ի, Figma-ի և նման խոշոր ընկերությունների հետ մրցակցությանը։ Ընկերությունն ստիպված էր նաև կրճատել աշխատակիցների թիվը՝ 2023թ.-ին ազատելով 119, իսկ 2024թ.-ին, ըստ հաղորդումների, ևս 275 աշխատակցի։
Bending Spoons-ի համար այս գործարքը՝ կայացած ծրագրային ընկերությունները զգալի զեղչով ձեռք բերելու ռազմավարության շարունակությունն է։ Miro-ն հաջորդում է Airtable-ի ձեռքբերմանը, որն իտալական ընկերությունը համաձայնել է գնել նախորդ ամիս՝ 1.28 միլիարդ դոլարով, այն դեպքում, երբ 2021թ.-ին ընկերության գնահատումը գերազանցում էր 11 միլիարդ դոլարը։ Գործարքը նաև հարցեր է առաջացնում, թե ինչու են Miro-ի ներդրողները որոշել վաճառել ընկերությունը՝ չնայած դրա շահութաբերությանը և կայուն պարբերական եկամուտներին։




