Ցե–Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան ներդրում է կատարում տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ իրականացնող վենչուրային կապիտալի Formula VC Fund II-ում /Կոնսերվատիվ կենսաթոշակային ֆոնդից 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հավասարակշռված ֆոնդից՝ 90 հազար ԱՄՆ դոլար/։
Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է։ Ներդրման միջոցով երկարաժամկետ կենսաթոշակային խնայողություններն ուղղվում են իրական տնտեսությունում գործունեություն ծավալող ընկերություններին։
Ցե-Կվադրատ Ամպեգայի ներդրումային թիմը իրականացրել է մանրակրկիտ համալիր ուսումնասիրություն՝ ֆոնդը և ֆոնդի կառավարումը գնահատելով մի շարք չափանիշներով։ Ներդրումային որոշումն ընդունվել է ռիսկերի համակողմանի վերլուծությունից և համապատասխանության ստուգումներից հետո։ Դրական որոշման վրա ազդած գործոններից են՝
- Պորտֆելի ռազմավարությունը և կառուցման մոտեցումը, որն ապահովում է տեխնոլոգիական ոլորտում էական դիվերսիֆիկացում
- Թիմի գնահատականը Formula VC Fund I-ի մինչ օրս գրանցած արդյունքների վերաբերյալ
- Կառավարիչ գործընկերների գործառնական փորձը և պորտֆելային ընկերությունների հետ նրանց անմիջական ու ակտիվ աշխատանքը
- Շարունակական կատարելագործման հստակ հանձնառությունը, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ չափանիշների և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ
- Ուղիղ և հետևողական հաղորդակցությունը թե՛ ներդրողների և թե՛ պորտֆելային ընկերությունների հետ
Այս ներդրումը նաև ամրապնդում է կապը Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների միջև՝ տնտեսության երկու հատվածների, որոնք մինչ այժմ հիմնականում զարգացել են զուգահեռ, այլ ոչ թե փոխկապակցված։
Արման Վարդանյան, Ցե–Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն
“Այս ներդրումը կենսաթոշակային ֆոնդերի համար դիվերսիֆիկացման նշանակալի հնարավորություն է՝ երկարաժամկետ ներդրումային հորիզոնում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների համար լրացուցիչ եկամտաբերության նոր աղբյուր։
Այլընտրանքային ներդրումների միջոցով դիվերսիֆիկացումը համահունչ է ինստիտուցիոնալ պորտֆելների կառավարման համաշխարհային պրակտիկային և բխում է մեր ֆիդուցիար պարտականությունից։ Այս ֆոնդի միջոցով շուրջ 450,000 քաղաքացի, որոնց կենսաթոշակային ակտիվները կառավարվում են C-Quadrat Ampega-ի կողմից, հնարավորություն են ստանում մասնակցելու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում իրականացվող ներդրումներին։ Սա ևս մեկ կարևոր քայլ է այն ներդրումային նպատակների իրականացման ճանապարհին, որոնք մենք կառավարում ենք նրանց անունից։
Ներդրումը կազմում է կառավարման ներքո գտնվող ակտիվների մոտ 0.3%-ը։ Ծավալը որոշվել է կենսաթոշակային ֆոնդերի համար ընդունելի ռիսկի սահմաններում։ Միևնույն ժամանակ՝ ոլորտի համար այն կարևոր նշանակություն ունի, քանզի երկարաժամկետ, համբերատար կապիտալը երկրում զգալի խթան կարող է հանդիսանալ։”
Կարեն Վարդանյան, Կառավարիչ գործընկեր, Ֆորմուլա ՎիՍի
“Դեռևս 2024թ-ից Ֆորմուլա ՎիՍի առաջին ֆոնդի միակ ինստիտուցիոնալ ներդրողը դառնալով` Ցե-կվադրատ Ամպեգան դարձավ առաջամարտիկ ինչպես ՀՀ այնպես էլ Եվրոպական էկոհամակարգերում կենսաթոշակային ֆոնդերի կողմից վենչուրային ներդրումների գործում:
Այսօր արդեն մենք ներդրումներն անում ենք մեր երկրորդ` Ֆորմուլա ՎիՍի II ֆոնդից: Հանդիսանալով մեր էկոհամակարգում ամենամեծ վենչուրային ներդրողը` մեզ համար շատ կարևոր է շարունակական համագործակցությունը Ցե-Կվադրատ Ամպեգայի հետ:

Մենք համարում ենք այս ներդրումը ռազամավարական Հայաստանի համար: Հայաստանում վերջին զարգացումները արհեստական բանականության շուրջ վկայում են այն մասին, որ ՀՀ-ն անխուսափելիորեն դառնալու է գլոբալ կենտրոններից մեկը, ոչ միայն ԱԲ ենթակառուցվածքների, այլ նաև ստարտափների նախընտրելի ուղղություն դառնալու առումով և այս պարագայում, էլ ավելի ենք կարևորում պետությունում առկա երկարաժամկետ ֆոնդերի, այսպես ասած “երկար փողերի” մասնակցությունը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգում:”
Ցե–Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 760 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 460 հազար մասնակիցների համար։ Ընկերությունը հիմնադրվել է Ավստրիական և Գերմանական ակտիվների կառավարիչ ընկերությունների կողմից։
Ֆորմուլա ՎԻՍԻ-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում վաղ փուլում գտնվող ստարտափներում, աջակցելով ռեսուրսներով, կապերով, մասնագիտական ցանցով և նպաստում է, որ այդ նորարար թիմերը դառնան գլոբալ խաղացողներ իրենց ոլորտներում։





