Deel աշխատուժի կառավարման համաշխարհային ընկերությունը ձեռք է բերել Clarity դիփֆեյքերի դեմ պայքարող իսրայելական ստարտափը։
Գործարքի արժեքը գնահատվում է 40-50 միլիոն դոլար, որը կվճարվի ինչպես կանխիկ, այնպես էլ բաժնետոմսերի միջոցով։ Գործարքը տեղի է ունենում ԱԲ-ով ստեղծված կեղծ պրոֆիլների աճող ռիսկի ֆոնին։ Դրանք շարունակաբար ավելի են խաթարում հեռավար աշխատանքի ընդունման գործընթացը։
2022թ.-ին հիմնադրված Clarity-ն ստեղծում է ինքնության ստուգման, դիփֆեյքերի հայտնաբերման և զեղծարարությունների կանխարգելման տեխնոլոգիաներ։ Հարթակը կարող է հայտնաբերել կեղծ դեմքերը, ձայները, փաստաթղթերը և իրական ժամանակում իրականացվող դիփֆեյք տեսահարցազրույցները՝ օգնելով ընկերություններին հաստատել թեկնածուների ինքնությունները և կանխարգելել չարտոնված հասանելիությունը խոցելի համակարգերին։
Clarity-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Մաթիասի խոսքով՝ ընկերությունը վերջերս հայտնաբերել է կեղծ թեկնածուի, որը միջազգային մի ընկերությունում որպես ինժեներ աշխատանքի ընդունման գործընթացի եզրափակիչ փուլում էր։ Անձը օգտագործել էր կեղծ ID և կեղծ LinkedIn և GitHub էջեր՝ իրական թեկնածու ներկայացնելու համար։ Այս ամենն արվել էր ԱԲ-ով կեղծ ինքնություն ստեղծելու միջոցով։
Clarity-ն ներգրավել է 16 միլիոն դոլար տարբեր ներդրողներից, այդ թվում՝ Walden Catalyst Ventures-ից և Bessemer Venture Partners-ից։ Գործարքից հետո ընկերության ԱԲ տեխնոլոգիաներն ու ինժեներական թիմը կմիանան Deel-ին։ Clarity-ի տեխնոլոգիաները կիրառվել են նաև Իսրայելի անվտանգության կառույցների և պետական մարմինների կողմից՝ զգայուն տեսանյութերի ու փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար։
Գործարքը Deel-ին հնարավորություն կտա ընդլայնել ինքնության ստուգման հնարավորությունները՝ աշխատանքի ընդունումից և onboarding-ից մինչև սարքերի տրամադրում և աշխատակիցների շարունակական հասանելիության վերահսկում։ Ավելի քան 17 միլիարդ դոլար գնահատված Deel-ը 2026թ.-ի առաջին կեսին գերազանցել է 1.5 միլիարդ դոլարի տարեկան կրկնվող եկամուտը։





