Հայաստանի ուժեղ ՏՏ ոլորտը և թվային ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը նոր հնարավորություններ են բացում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման համար՝ միջազգային փոխանցումներից մինչև բիզնեսի համար ֆինանսական նոր ծառայություններ։ Սակայն այս ներուժն իրացնելու համար անհրաժեշտ են հստակ կանոններ, անվտանգ ենթակառուցվածք և գիտելիքներ։ Ինչպե՞ս կարող են թվային ակտիվները նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ի՞նչն է խոչընդոտում դրանց ավելի լայն կիրառմանը, և ի՞նչ դեր կարող է ունենալ Binance-ն այս գործընթացում։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի հետ։
1. Ինչպե՞ս կարող են կրիպտոարժույթներն ու բլոկչեյնը նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։
Ես բլոկչեյնը չէի դիտարկի որպես առանձին ոլորտ, որն ինքնին կփոխի տնտեսությունը։ Ավելի հետաքրքիր է այն, թե ինչ կարելի է ստեղծել այս տեխնոլոգիայի հիման վրա՝ նոր ֆինանսական ծառայություններ, միջսահմանային լուծումներ, բիզնեսի համար նախատեսված պրոդուկտներ, տեխնոլոգիական ընկերություններ։
Իր ուժեղ ՏՏ ներուժով Հայաստանի համար սա կարող է դառնալ թվային տնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն։ Բայց տեխնոլոգիան արդյունք է տալիս միայն այն դեպքում, երբ լուծում է բիզնեսի կամ օգտատիրոջ կոնկրետ խնդիրը։
2. Կարո՞ղ են թվային ակտիվները նպաստել ֆինանսական ներառականությանը։
Այո՛, հատկապես եթե խոսում ենք ֆինանսական գործիքներից օգտվելու խոչընդոտները նվազեցնելու մասին։
Լավ օրինակ են թոքենացված ակտիվները։ Binance-ում՝ bStocks-ի միջոցով, օգտատերերը կարող են մասնակցել խոշոր ընկերությունների բաժնետոմսերի արժեքի փոփոխությունից բխող ֆինանսական արդյունքներին՝ մուտքի ցածր շեմով և ավանդական շուկաների ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս առևտուր անելու հնարավորությամբ։
Ինձ համար ֆինանսական ներառականությունը հենց սա է՝ նախկինում բարդ կամ դժվար հասանելի գործիքները դարձնել ավելի պարզ ու հասանելի ավելի մեծ թվով մարդկանց համար։
3. Ինչպիսի՞ ներուժ ունի բլոկչեյնը միջսահմանային փոխանցումների համար։
Հայաստանի համար սա հատկապես արդիական կիրառություն է։ Մեր հետազոտությունում հարցվածների 56,3%-ը միջազգային փոխանցումները նշել է կրիպտոարժույթների օգտագործման նպատակների թվում։ Իսկ երբ անհրաժեշտ էր ընտրել միայն մեկ հիմնական նպատակ, փոխանցումները զբաղեցրել են առաջին տեղը՝ 33,3%։
Սա լավ օրինակ է, թե ինչպես է տեխնոլոգիան արձագանքում արդեն գոյություն ունեցող պահանջարկին։ Իհարկե, կոնկրետ լուծումը պետք է լինի անվտանգ, տնտեսապես արդյունավետ և համապատասխանի կարգավորող պահանջներին։ Բայց օգտատերերի պահանջարկն այստեղ արդեն հստակ տեսանելի է։
4. Ինչպե՞ս է Binance–ը ձևավորում վստահություն։
Ինձ համար վստահությունը չի սկսվում մարքեթինգից։ Այն սկսվում է անվտանգությունից, թափանցիկությունից և այն բանից, թե ինչպես է ընկերությունը գործում, երբ խոսքը ռիսկերի ու օգտատերերի պաշտպանության մասին է։
Այդ պատճառով Binance-ը մեծ ներդրումներ է կատարում իրավական և կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովման ուղղությամբ։ Այսօր ընկերությունում այդ գործառույթներն իրականացնում են ավելի քան 1 500 աշխատակից և պայմանագրային մասնագետ՝ համաշխարհային թիմի մոտ մեկ քառորդը։
Ի վերջո, օգտատերը պետք է հասկանա երկու բան՝ ինչ է կատարվում իր ակտիվների հետ, և որքան լուրջ է հարթակը վերաբերվում դրանց պաշտպանությանը։ Հենց սա է վստահության հիմքը։
5. Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում կայուն կրիպտոէկոհամակարգ ձևավորելու համար։
Ես կառանձնացնեի չորս բան՝ հստակ կանոններ, կրթություն, անվտանգ ենթակառուցվածք և մասնագետներ։
Բայց կա ևս մեկ կարևոր բաղադրիչ՝ պրոդուկտները պետք է իրական խնդիրներ լուծեն։ Եթե տեխնոլոգիան գոյություն ունի միայն հանուն տեխնոլոգիայի, լայն շուկա չի ձևավորվի։ Օգտատերը պետք է հասկանա, թե ինչու է իրեն անհրաժեշտ այդ պրոդուկտը, և ինչ խնդիր է այն լուծում։
6. Ինչպիսի՞ ներուժ ունի Binance–ի համագործակցությունը պետության, ՏՏ ոլորտի և համալսարանների հետ։
Այստեղ բազմաթիվ բնական շփման կետեր կան՝ կրթություն, թվային հմտություններ, հետազոտություններ և տեխնոլոգիական փորձի ու գիտելիքների փոխանակում։
Մեզ համար հատկապես կարևոր է կրթական բաղադրիչը։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում թվային ակտիվների ավելի լայն օգտագործման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ հենց գիտելիքների պակասը։ Այդ պատճառով կրթությունը լրացուցիչ գործունեություն չէ, այլ շուկայի զարգացման մաս։
7. Բացի կրիպտոարժույթներից՝ բլոկչեյնի ո՞ր ուղղություններն են հեռանկարային Հայաստանի համար։
Ես ուշադրություն կդարձնեի թոքենացմանը, միջսահմանային ֆինանսական ծառայություններին, թվային նույնականացմանն ու տվյալների փոխանակմանը։
Բայց ես միշտ զգուշությամբ եմ վերաբերվում հանուն տեխնոլոգիայի՝ տեխնոլոգիայի մասին խոսակցություններին։ Հիմնական հարցը պետք է շատ պարզ լինի՝ ո՞ր խնդիրն ենք բլոկչեյնի շնորհիվ լուծում ավելի լավ, ավելի արագ կամ ավելի ցածր ծախսերով։ Եթե այս հարցին համոզիչ պատասխան կա, ուրեմն կա նաև գործնական կիրառման իրական հնարավորություն։
8. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի կրիպտոշուկան հինգ տարի անց։
Կարծում եմ՝ գլխավոր փոփոխությունը պարտադիր չէ, որ լինի նոր կրիպտոպրոդուկտների քանակը։ Ավելի կարևոր կլինի այն, թե որքան սովորական կդառնա դրանց օգտագործումը։
Արդեն այսօր հարցվածների 83,3%-ն ակնկալում է կրիպտոարժույթների ավելի լայն տարածում առաջիկա տարիներին, իսկ վճարումներն առավել հաճախ են նշվում որպես ապագայում զանգվածային կիրառման ուղղություն։
Իհարկե, սրանք օգտատերերի ակնկալիքներն են, ոչ թե Binance-ի կանխատեսումը։ Բայց ուղղությունը հետաքրքիր է՝ շուկան աստիճանաբար շարժվում է ներդրումներից դեպի գործնական կիրառություն։
9. Ո՞րը կլինի Հայաստանում Binance–ի հաջողության գլխավոր ցուցանիշը։
Ինձ համար դա հաստատ միայն օգտատերերի քանակը կամ առևտրի ծավալը չէ։
Շատ ավելի կարևոր է, թե ինչպես են մարդիկ օգտագործում պրոդուկտը՝ արդյոք հասկանում են այն, վստահում են դրան, կարողանում են կառավարել ռիսկերը, և արդյոք այն լուծում է իրական ֆինանսական խնդիր։
Եթե օգտատերը գալիս է ոչ միայն այն պատճառով, որ «կրիպտոն հիմա տարածված է», այլ որովհետև հասկանում է պրոդուկտն ու տեսնում դրա օգուտը, ապա դա շուկայի զարգացման շատ ավելի կայուն ցուցանիշ է։
10. Ի՞նչ հնարավորություններ է Binance-ի համաշխարհային էկոհամակարգը տալիս հայաստանյան օգտատերերին ու բիզնեսին։
Օգտատերերի համար դա թվային ֆինանսական գործիքների լայն ընտրանու և միջազգային ենթակառուցվածքի հասանելիությունն է։ Բիզնեսի համար հնարավորությունները նույնպես ընդլայնվում են։
Հետաքրքիր օրինակներից է Crypto-as-a-Service-ը՝ կրիպտոենթակառուցվածքը որպես ծառայություն։ Ամեն բանկի կամ ֆինանսական տեխնոլոգիաների ընկերության համար նպատակահարմար չէ զրոյից ստեղծել կրիպտոենթակառուցվածք՝ առևտրային համակարգ, դրամապանակներ, անվտանգության ապահովում, իրացվելիություն, գործարքների մշտադիտարկում։
CaaS-ը հնարավորություն է տալիս օգտագործել Binance-ի ենթակառուցվածքը որպես ծառայությունների տեխնոլոգիական հիմք, մինչդեռ բանկը կամ ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունը պահպանում է սեփական բրենդն ու հաճախորդի հետ հարաբերությունները։ Կարծում եմ՝ հենց այսպիսի մոդելներն են լավ ցույց տալիս, թե ուր է շարժվում շուկան․ ավանդական և թվային ֆինանսներն աստիճանաբար դադարում են միմյանցից առանձին գոյություն ունենալ։
11. Ի՞նչ խորհուրդ կտայիք կարգավորող մարմիններին ու օգտատերերին։
Կարգավորող մարմիններին խորհուրդներ չէի ցանկանա տալ․ դա մեր դերը չէ։ Բայց մենք միշտ պատրաստ ենք կիսվել միջազգային փորձով և գործնական մասնագիտական գիտելիքներով, եթե դա օգտակար է մասնագիտական երկխոսության համար։
Իսկ օգտատերերին ուղղված խորհուրդը շատ ավելի պարզ է՝ ժամանակ մի՛ ներդրեք միայն հաջորդ ակտիվը գտնելու մեջ․ ներդրեք այն նաև գիտելիք ձեռք բերելու մեջ։ Հասկացեք, թե ինչ պրոդուկտից եք օգտվում, ինչ ռիսկեր ունի այն, և ինչպես կարող եք պաշտպանել ձեր ակտիվները։ Երկարաժամկետ հեռանկարում սա ամենաօգտակար ներդրումներից մեկն է, որ կարող է անել օգտատերը։




