Encore AI ստարտափը ներգրավել է 30 միլիոն դոլար Series A ներդրումային շրջափուլում, որը գլխավորել է Team8-ը։ Ընկերությունը ստեղծում է ձայնային ԱԲ գործակալներ, որոնք սովորում են հաճախորդների զանգերից և օգնում են բիզնեսներին ավտոմատացնել վաճառքի ու հաճախորդների սպասարկման գործընթացները կամ աջակցել աշխատակիցներին իրական ժամանակում։
2022թ.-ին հիմնադրված ընկերությունը, որն ի սկզբանե գործում էր Insait IO անվամբ և ստեղծում էր առաջարկությունների ծրագրային լուծումներ ֆինանսական խորհրդատուների համար, հետագայում վերանվանվել է Encore AI։ Այսօր հարթակը վերլուծում է հաճախորդների հետ շփումները՝ նպատակ ունենալով բացահայտել, թե որ մոտեցումներն ու ռազմավարություններն են առավել արդյունավետ։
Հարթակը մշակում է զանգերի ձայնագրությունները, էլեկտրոնային նամակները, տեքստային հաղորդագրություններն ու CRM համակարգերի տվյալները, որպեսզի հասկանա, թե վաճառքի կամ սպասարկման որ մեթոդներն են լավագույն արդյունքը տալիս հաճախորդների ներգրավման հարցում։ Այդ տվյալների հիման վրա ԱԲ գործակալները կարող են ինքնուրույն շփվել հաճախորդների հետ կամ խորհուրդներ տալ աշխատակիցներին։
Encore AI-ը այսօր սպասարկում է ավելի քան 40 կորպորատիվ հաճախորդների ամբողջ աշխարհում, որոնց մեծ մասը ֆինանսական հաստատություններ են։ Ընկերության տվյալներով՝ վերջին 18 ամիսների ընթացքում տարեկան եկամուտն աճել է ավելի քան հնգապատիկ։ Ընկերության գնահատումը և եկամուտները չեն հրապարակվել։
Ներդրումային փուլին մասնակցել են նաև Planven, Lukatz, Garage ընկերությունները, ինչպես նաև մի շարք բանկեր և ապահովագրական հարթակներ։ Ներգրավված միջոցները Encore AI-ը կուղղի ԱՄՆ-ում վաճառքների ընդլայնմանը և իր հարթակի՝ խոշոր ֆինանսական հաստատություններում գործարկմանը։





