Etched ԱԲ չիպեր արտադրող ստարտափը, ըստ տեղեկությունների, ստանում է ներդրումային առաջարկներ, որոնք ընկերությունը գնահատում են 40-50 միլիարդ դոլար։ Սա տեղի է ունենում ընկերության՝ 700 միլիոն դոլարի ֆինանսավորման շրջափուլում 21 միլիարդ դոլար գնահատում ստանալուց ընդամենը մի քանի ամիս անց։ Բանակցությունները դեռ վաղ փուլում են, և պայմանները կարող են փոփոխվել։
Etched-ը մշակում է սեփական ԱԲ չիպեր և ամբողջական տեխնիկական համակարգեր, որոնք նախատեսված են ԱԲ ինֆերենցիայի արագացման համար։ Ընկերության պնդմամբ՝ իր պրոցեսորները կարող են ավելի արագ և ավելի ցածր գնով աշխատել ավելի մեծ քանակությամբ թոքենների հետ քան Nvidia-ի չիպերը։
Ներդրողների հետաքրքրությունը Etched-ի նկատմամբ աճում է նաև ընկերության՝ Nvidia-ին մրցակից դառնալու ներուժի շնորհիվ։ Վերջին ֆինանսավորման շրջափուլը գլխավորած Jane Street-ը ևս Etched-ի վաղ շրջանի հաճախորդներից է։ Etched-ը հուլիսին հայտնել էր, որ ստացել է 1 միլիարդի դոլարի պատվերներ հաճախորդներից։
Ստարտափը նաև կարողացել է ներգրավել Nvidia-ի նախկին ինժեներներին․ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Etched-ի 400 աշխատակիցներից մոտ 15%-ը նախկինում աշխատել է Nvidia-ում։ Ընկերությունը Սիլիկոնյան հովտում ունի 10 մեգավատտ հզորությամբ գործող տվյալների կենտրոն, իսկ Թայվանում ստեղծել է արտադրության հետ կապված կառույց՝ TSMC-ի (Թայվանի կիսահաղորդիչների արտադրության ընկերություն) մոտ աշխատանքները համակարգելու համար։
Etched-ը վերջին ամիսներին արագորեն բարձրացրել է իր գնահատումը․ հուլիսին ընկերությունը ներգրավել է 300 միլիոն դոլար՝ 10.3 միլիարդ դոլար գնահատմամբ, իսկ սեպտեմբերին՝ 700 միլիոն դոլար՝ 21 միլիարդ դոլար գնահատմամբ։ 40 միլիարդ և ավելի գնահատմամբ նոր շրջափուլը կնշանակի ընկերության արժեքի ևս մեկ խոշոր աճ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։




