Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270 միլիոն դոլար՝ հասնելով 1,7 միլիարդ դոլար գնահատման։ Ընկերությունը մշակում է կիբեռանվտանգության լուծումներ ֆիզիկական միջավայրում գործող ԱԲ սարքերի համար՝ ընդլայնելով բանացանցի (Internet of Things, IoT) ոլորտում իր սկզբնական գործունեությունը։
Հռոմում գործող Exein-ի նպատակն է օգնել սարքերին ինքնուրույն պաշտպանվել կիբեռհարձակումներից, նույնիսկ այն ժամանակ, երբ միացված չեն անվտանգ ցանցերին։ Ընկերության վերջին պրոդուկտը՝ Photon-ը, պաշտպանում է սարքերը միջուկային (kernel) մակարդակում՝ պահանջելով սերտ համագործակցություն արտադրողների և կիսահաղորդիչների ընկերությունների հետ։
Exein-ը հայտնել է, որ իր տեխնոլոգիան արդեն պաշտպանություն է ապահովել ավելի քան 2 միլիարդ միացված սարքերի համար տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիատիեզերական, ավտոմոբիլային, էներգետիկայի, առողջապահության և արդյունաբերական ավտոմատացման ոլորտները։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնվել նաև ֆիզիկական միջավայրում գործող արհեստական բանականության ոլորտում՝ տրամադրելով պաշտպանություն ռոբոտների, դրոնների, ինքնավար մեքենաների, սենսորների և խելացի կենցաղային սարքերի համար։
Ստարտափը նաև արձանագրել է արհեստական բանականության միջոցով խթանված «մեքենայական արագությամբ հարձակումների» աճ։ Այս սպառնալիքը լուծելու համար Exein-ը մշակում է ֆիզիկական ԱԲ-ի անվտանգության հիմնարար մոդել, որը կվարժեցվի մեքենաների տվյալների և ռադիոհեռաչափության միջոցով։ Մոդելի գործարկումը նախատեսվում է 2027թ.-ի առաջին եռամսյակում։
Նոր ֆինանսավորումը կուղղվի ձեռքբերումներին, պրոդուկտների զարգացմանը և ԱՄՆ-ում ու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընդլայնմանը, որն արդեն իսկ ապահովում է Exein-ի եկամուտների կեսը։ Ընկերությունը հայտնում է, որ տարեկան կտրվածքով գրանցում է 400% աճ։ Այն նաև կարող է օգուտ քաղել ԵՄ-ի Cyber Resilience Act-ից, որը սահմանում է կիբեռանվտանգության հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ նոր պահանջներ և ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027թ.-ի դեկտեմբերին։




