Ընտանեկան բռնության մասին մտածելիս հաճախ մտաբերում ենք միայն ֆիզիկական բռնությունը։ Ընտանեկան բռնությունը, սակայն, լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, սեռական ու տնտեսական։ Եվ չնայած տնտեսական, այդ թվում՝ ֆինանսական բռնությունը շատ ավելի դժվար է նկատել, այն կարող է նույնչափ վնաս հասցնել մարդուն։
Ի՞ՆՉ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ֆինանսական բռնությունը տնտեսական բռնության մաս է կազմում։ Ինչպես բռնության մյուս բոլոր ձևերի, այնպես էլ ֆինանսական բռնության դեպքում արտահայտվում է մի անհատի՝ մյուսի հանդեպ վերահսկողություն ունենալու ցանկությունը։ Երբ սահմանափակվում է մարդու՝ գումարը ազատ տնօրինելու իրավունքը, վերահսկվում է նրա ֆինանսական գործունեությունը, հաշվի չի առնվում նրա կարծիքը ֆինանսական որոշումներ կայացնելիս, ականատես ենք լինում ֆինանսական բռնության։
Ո՞ՒՄ ՀԵՏ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԵԼ
Ֆինանսական կամ ցանկացած այլ բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, ապրելավայրից, ազգությունից, կրթությունից, հավատքից, ամուսնական կարգավիճակից, երեխա ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Ֆինանսական բռնությունը կարող է տեղի ունենալ տարբեր հարաբերություններում՝ զուգընկերների միջև (անկախ միասին ապրելու կամ չապրելու հանգամանքից), ընտանիքում, բարեկամների շրջանում ու ոչ միայն։
Քննարկենք բռնարար վարքագծերի օրինակներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կանխել ֆինանսական հնարավոր բռնությունը։
ԲՌՆԱՐԱՐ ՎԱՐՔԱԳԾԵՐ
- Ֆինանսական բռնությունը կարող է տարբեր եղանակներով արտահայտվել։ Ուշադիր եղիր, երբ քո զուգընկերը, ընտանիքի անդամը կամ մեկ այլ մարդ քո շրջապատում՝
- Ղեկավարում ու շահագործում է քո կամ ձեր ընդհանուր ֆինանսները․
- Որոշում է՝ ինչին պետք է ու չպետք է հատկացնես քո գումարը
- Որոշում է՝ ինչքան գումար է քեզ անհրաժեշտ ապրուստի համար
- Թաքցնում է ձեր ընդհանուր հաշվի կամ քո հաշվի քաղվածքները
- Զրկում է քո կամ ընդհանուր բանկային հաշիվներին հասանելիությունից
- Փչացնում է վարկային պատմությունդ՝ խոստանալով կատարել վարկի մարումներ քո անունից ու չպահելով խոստումը
- Կեղծում է քո ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերի տակ
- Կատարում է կանխիկացում քո բանկային քարտից՝ առանց տեղեկացնելու ու համաձայնություն ստանալու
- Վաճառում է քեզ պատկանող գույք՝ առանց քեզ հետ համաձայնեցնելու
- Խաղադրույքի վրա է վատնում ընտանեկան բյուջեն։
Հոգեբանական ճնշում է գործադրում․
- Ստիպում է մեղավոր զգալ, սպառնում է ու մեկուսացնում՝ իրեն գումար չտալու համար
- Ստիպում է դառնալ իր վարկի երաշխավորը կամ վարկ վերցնել իր համար
- Պահանջում է, որ գումարն օգտագործելուց առաջ թույլտվություն խնդրես
- Պահանջում է հաշվետվություն կատարած յուրաքանչյուր ծախսի համար
- Ստիպում է աշխատել ընտանեկան բիզնեսում առանց վարձատրության
- Ստիպում է ստորագրել կասկածելի փաստաթղթեր
- Ստիպում է հավատալ, որ չես կարող կառավարել ֆինանսներդ ինքնուրույն
- Ստիպում է կտակի մեջ փոփոխություններ կատարել։Խախտում է քո՝ աշխատելու ու սովորելու իրավունքը․
- Արգելում է աշխատանք փնտրել կամ գնալ աշխատանքի՝ իբրև պատրվակ բերելով երեխաներին կամ այլ հանգամանքներ, ու այսպիսով փորձում դարձնել քեզ իրենից ֆինանսապես կախված
- Որոշում է՝ որտեղ կարող ես աշխատել և որտեղ՝ ոչ
- Վստահեցնում է, որ ուսման կարիք չունես, քանի որ ինքը կհոգա քո բոլոր կարիքները։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՆՔԴ ՔԵԶ
Բռնության ենթարկվելիս հնարավոր է հապշտապ որոշումներ կայացնել, սակայն դա կարող է վտանգավոր լինել։ Անհրաժեշտ է անվտանգության պլան մշակել, հասկանալ կարևոր քայլերը ու իրագործել դրանք նախքան ամեն ինչ հետևում թողնելը։
- Համոզվիր, որ ունես գումար քեզ պատկանող բանկային հաշվում կամ կանխիկ եղանակով։ Վստահ եղիր, որ բռնություն կիրառողը չի կարող դրան հասանելիություն ունենալ։
- Կապվիր բանկի հետ, փոխիր հաշվիդ տվյալները (PIN կոդ, գաղտնաբառ և այլն) ու մի տրամադրիր նոր տվյալներդ ոչ ոքի։ Այսպիսով միայն դու կկարողանաս օգտվել քո հաշվից։
- Ստացիր բանկային հաշվիդ քաղվածքները՝ հաշվիդ ելքումուտքերն աչքի անցկացնելու ու կասկածելի գործողությունները նկատելու համար։
- Ծանոթացիր ստորագրման ենթակա փաստաթղթերի բովանդակությանը ու մի ստորագրիր կասկած առաջացնող փաստաթղթեր։
- Պահիր կարևոր փաստաթղթերդ (անձնագիր, սոցքարտ, ապահովագրական քարտ, վարորդական իրավունք, վարկին առնչվող փաստաթղթեր, սեփականության վկայականներ և այլն) անվտանգ տեղում։ Ապահովության համար արժե հեռախոսում կամ անձնական համակարգչում պահել փաստաթղթերիդ թվային տարբերակները կամ պարզապես լուսանկարները։ Այս փաստաթղթերը կօգնեն օգտվել պետական ֆինանսական աջակցությունից և ընդունվել աշխատանքի։
- Կապի մեջ եղիր վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ։ Անհրաժեշտության դեպքում վստահիր քո գումարը նրան և թույլ տուր, որ օգնի քեզ բնակության նոր վայր գտնելու կամ ֆինանսական հարցերում։
- Օգտվիր ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններից ու տրամադրվող հոգեբանական օգնությունից։
Հնարավոր է ի սկզբանե չնկատել այն նշանները, որոնք վկայում են ֆինանսական բռնության մասին։ Բռնություն կիրառողը ոչ միշտ է դրսևորում ագրեսիվ վարքագիծ․ նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ անում է ամեն ինչ՝ հանուն քո բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն խնդրելով ու անվտանգության պլան կազմելով՝ կարելի է հնարավորինս խուսափել անկանխատեսելի ու կյանքի վրա անդառնալի հետք թողնող իրավիճակներից։





