spot_imgspot_img

Ֆինթեք ոլորտի զարգացումը Հայաստանում. Վալենտինա Դրոֆա, Drofa Comms-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր

FinTech.am-ի հարցազրույցը Drofa Comms ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Վալենտինա Դրոֆայի հետ

Համաշխարհային թվայնացման և ֆինանսական ոլորտի նորարարական լուծումների պահանջարկի աճի դարաշրջանում Հայաստանի Հանրապետությունը չի զիջում։ Որքա՞ն ակտիվ է զարգանում ֆինթեք ոլորտը Հայաստանում, և ի՞նչ դեր է այն խաղում երկրի ֆինանսական ոլորտի վերափոխման գործում։

Հայաստանի ֆինթեք շուկայի ներկայիս վիճակն ու հեռանկարները քննարկել ենք  Drofa Comms-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վալենտինա Դրոֆայի հետ:

Drofa Comms-ը միջազգային հանրային կապերի (PR) գործակալություն է, որը զբաղվում է ֆինանսական և ֆինթեք ընկերությունների գործունեության խթանմամբ: Վալենտինա Դրոֆան մեծ փորձ ունի համաշխարհային շուկայում ֆինթեք լուծումների առաջխաղացման գործում և խորապես հասկանում է այս ոլորտի առջև ծառացած միտումներն ու մարտահրավերները:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ֆինթեք շուկայի ներկայիս վիճակը։ Ո՞ր հիմնական ոլորտներն են առավել ակտիվ զարգանում:

Հայաստանում ֆինթեք շուկան ակտիվ աճի փուլում է։ Վերջին մի քանի տարվա իրադարձությունները, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, Ռուսաստանից զգալի թվով միգրանտների հոսքը Հայաստան, հանգեցրել է վճարային լուծումների և դրամական փոխանցումների ոլորտի զարգացման անհրաժեշտության ստեղծմանը։ Հայաստանյան շատ բանկերի ոչ պատշաճ և օպերատիվ գործութնեությունը միգրանտների սպասարկման ոլորտում պահանջարկ է ստեղծել բարելավելու առկա մեթոդներն ու գործիքակազմը:

Հայաստանում լավ տարածում ունեն էլեկտրոնային դրամապանակները և QR վճարումները։ Ակտիվ կիրառում ունեն նաև վճարային համակարգերը, ինչպիսիք են iDram-ը, EasyPay-ը կամ Telcell-ը: Ըստ որոշ տեղեկությունների՝ 2028 թվականին երկրում թվային վճարումների շուկայի օգտատերերի թիվը կհասնի 1,7 միլիոնի։ Սա վկայում է այս ոլորտի բարձր պահանջարկի և աճի ներուժի մասին:

Երկրում աճում է նաև բլոկչեյն տեխնոլոգիայի և կրիպտո արդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը: ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները բազմիցս խոսել են երկրում կրիպտոակտիվների շրջանառությունը կարգավորող օրինագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ Հայաստանում ֆինթեք ոլորտի զարգացումը համապատասխանում է համաշխարհային միտումներին, որտեղ թվայնացումը և ֆինանսական ծառայությունների հասանելիության պարզեցումը հանդիսանում են հիմնական ուղղությունները։

Եվ այնուամենայնիվ երկրի ֆինանսական տեխնոլոգիաների շուկան դեռևս բավականին բաց է մնում նոր զարգացումների և դրանց հանրահռչակման առաջ: Պատճառներից մեկն էլ քաղաքացիների մտածելակերպն է: Շատերը նախընտրում են ֆիզիկական շփումը և այցելում են տեղական բանկերի մասնաճյուղեր տետատետ խորհրդատվության համար: Այս առումով թվային բանկային ոլորտը շատ երկար ժամանակ անտեսված է եղել, ինչը մեծապես հետաձգել է դրա զարգացումը։ Նույն պատճառով, երկրում դեռևս քիչ են ֆինթեք ստարտափները, որոնք առաջարկում են առցանց ֆինանսական ծառայություններ:

Ի՞նչ ազդեցություն ունի ֆինթեք ոլորտը տնտեսության վրա: Ի՞նչ դրական փոփոխություններ է այն ստեղծում ֆինանսական հատվածի և օգտատերերի համար

Ֆինթեք միջավայրի զարգացումը կարող է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության արագ զարգացման համար։

Նախ՝ ոլորտը խթանում է ֆինանսական ներգրավվածությունը՝ ֆինանսական ծառայությունները ավելի լայն զանգվածի հասանելի դարձնելով: Երկրորդ՝ ֆինթեքն օգնում է նվազեցնել գործարքների ծախսերը և բարձրացնել ֆինանսական գործարքների արդյունավետությունը, ինչը կարող է շահավետ լինել ինչպես տեղական բիզնեսի, այնպես էլ միջին սպառողի համար:

Իսկ Հայաստանը լավ տեխնոլոգիական նախադրյալներ ունի նման զարգացման համար։ ՏՏ ոլորտը երկրի ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Այստեղ արդեն կան տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև Unicorn ընկերություններ, որոնց թվում են ServiceTitan-ը և PicsArt-ը:

2024 թվականին Երևանը Կովկասի տարածաշրջանում զբաղեցրել է առաջին տեղը և մտել տեխնոլոգիական ստարտափներին աջակցող աշխարհի լավագույն 200 քաղաքների մեջ։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն նույնպես նշել է, որ Հայաստանը շահավետ դիրքեր է զբաղեցնում տեղեկատվական և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում, և որ բանկն ակտիվորեն ֆինանսավորում է դրանց զարգացումը։

Այսինքն՝ նորարարության և տնտեսական աճի հնարավորությունները իրապես առկա են Հայաստանում և բավականին շատ են։

Ի՞նչ հանգամանքներ են խանգարում Հայաստանում ոլորտի զարգացմանը։

Խոսելով PR գործակալության ղեկավարի պաշտոնից՝ նշեմ, որ Հայաստանի համար հիմնական խոչընդոտներից է հանդիսանում միջազգային ասպարեզում վերոնշյալ բոլոր զարգացումների մասին հանրայնացման պակասը։ Հանրային տիրույթում զարմանալիորեն քիչ տեղեկատվություն կա, և դրանց մեծ մասը հրապարակվում է բացառապես հայկական լրատվական ռեսուրսներում:

Տեղեկատվության նման սահմանափակումները նշանակում են, որ այս ոլորտում առաջընթացն ու ձեռքբերումները պատշաճ համաշխարհային ճանաչման չեն արժանանում: Իսկ դա իր հերթին էապես նվազեցնում է օտարերկրյա ներդրողների և գործընկերների ներգրավման հավանականությունը։

Այստեղ երևի ազդել են մտածելակերպն ու մշակութային առանձնահատկությունները։ Հայերը շատ համախմբված ազգ են և միշտ պատրաստ են աջակցել միմյանց։ Ըստ իս՝ թե՛ կառավարության, թե՛ երկրից դուրս հայկական սփյուռքի օգնությունը, անշուշտ, նպաստել են տեղական ֆինթեք էկոհամակարգի աճին։

Բայց միևնույն ժամանակ, այս իրողությունը բավական չէ միջազգային պրակտիկա ներթափանցելու համար։ Միջազգային խաղացողների մասնակցության զգալի բացակայությունը ոլորտը թերզարգացած է դարձնում համաշխարհային չափանիշների և նորարարությունների առումով, որոնք իրականում կարող են արագացնել հետագա աճը:

Ավելին, նայելով երկրի փոքր չափերին և սահմանափակ շուկային՝ թվում է, թե շատ հայ ձեռներեցներ և ծրագրավորողներ ի սկզբանե պլանավորում են՝ հաշվի առնելով արտաքին աշխարհը: Նրանք հեռանում են տարբեր երկրներ, որտեղ կան ավելի մեծ և առաջադեմ էկոհամակարգեր, ինչի շնորհիվ կարող են զարգացնել իրենց ստարտափները : Սա հանգեցնում է ուղեղների արտահոսքի և Հայաստանում բուն ֆինթեք ոլորտի զարգացման վրա աշխատող ձեռնարկատերերի և մասնագետների թվի նվազմանը։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...