Gecko Robotics ընկերությունը, որի համահիմնադիրն է ամերիկահայ ձեռնարկատեր Ջեյք Լուսարարյանը, ներգրավել է 125 միլիոն դոլար Series D ֆինանսավորման շրջափուլում՝ գնահատվելով 1.25 միլիարդ դոլար։
Փիթսբուրգում տեղակայված ընկերությունը ստեղծում է ռոբոտներ և արհեստական բանականության համակարգեր, որոնք ստուգում և հսկում են կարևոր նշանակության ենթակառուցվածքներ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ զինված ուժերի, ինչպես նաև էներգետիկ և արտադրական հսկաների համար։
ԱԲ-ով աշխատող Cantilever հարթակի միջոցով Gecko-ի տեխնոլոգիան հնարավոր է դարձնում թռչող, բարձրացող և լողացող ռոբոտների կողմից օդանավերի, նավերի, էլեկտրակայանների ու խողովակաշարերի մասին տվյալների հավաքագրումն իրական ժամանակում։ Այս ծառայությունն օգնում է կազմակերպություններին բարձրացնել արդյունավետությունը, կանխել խափանումներն ու արդիականացնել գործընթացները՝ էլեկտրակայանների օպտիմալացումից մինչև ռազմական օդանավերի պահպանություն։
Ընկերությունը, որի գործունեությունը սկսվել է ուսանողական հանրակացարանի սենյակում, այժմ ֆինանսավորվում է այնպիսի ներդրողների կողմից, ինչպիսիք են՝ Founders Fund, USIT և Cox Enterprises ընկերությունները։
Մինչև այժմ ներգրավելով ընդհանուր 347 միլիոն դոլար՝ Gecko-ն նպատակ ունի շարունակել իր ընդլայնումը պաշտպանության, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում՝ բավարարելու աճող ենթակառուցվածքային կարիքներն ու պահանջները, ինչն այլևս հնարավոր չէ անել ավանդական մեթոդներով։




