Տարիներ շարունակ ֆինանսական դժվարությունների բախվելուց հետո GoPro action տեսախցիկներ արտադրող ընկերությունը ձեռք կբերվի 285 միլիոն դոլար արժողությամբ գործարքի շրջանակում՝ Starman Optical-ի հետ միաձուլման միջոցով։
Պայմանագրի համաձայն՝ GoPro-ի բաժնետերերը կստանան 1,14 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար և կպահպանեն միավորված նոր ընկերության մոտ 10% բաժնեմասը։ Ընկերությունը կշարունակի մնալ հանրային։
Ակնկալվում է, որ գործարքը կփակվի մինչև տարեվերջ և կզրոյացնի GoPro-ի 92 միլիոն դոլար չմարված պարտքը։ Նախքան միաձուլումը, ընկերությունը դեռ հունիսին զգուշացրել էր, որ առանց լրացուցիչ ֆինանսավորման կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել, ինչից հետո հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նիք Վուդմանը 20 միլիոն դոլար էր ներդրել ընկերությունում։
GoPro-ն վերջերս նաև հայտնել էր, որ ցանկանում է ընդլայնվել՝ սպառողական տեսախցիկներից բացի ուսումնասիրելով նաև պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում հնարավորությունները։ Ընկերության խոսքով՝ միաձուլումը կօգնի ամրապնդել ֆինանսական դիրքերը, աջակցել առկա պրոդուկտների զարգացմանը, ընդլայնվել սպառողական, առևտրային և պաշտպանական շուկաներում, ինչպես նաև արտադրության մեծ մասը տեղափոխել ԱՄՆ։
Starman Optical-ը նորաստեղծ ընկերություն է, որը կապված է Starman Holding-ի հետ և կենտրոնացած է օպտիկական և ֆոտոնիկ տեխնոլոգիաների ստեղծման վրա։ Նրա մայր ընկերությանն են պատկանում նաև Incase, Incipio և Griffin սպառողական տեխնոլոգիաների բրենդները, իսկ ֆոտոնիկայի ոլորտում գործող ստորաբաժանումը զարգացնում է արտադրական հնարավորությունները Նյու Ջերսիում։
GoPro-ն հանրային ընկերություն էր դարձել 2014թ.-ին և իր լավագույն տարիներին տարեկան վաճառում էր միլիոնավոր action տեսախցիկներ, սակայն հետագայում չկարողացավ հաջողությամբ ընդլայնվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դրոններն ու 360 աստիճան տեսախցիկները։ Այժմ ընկերությունը հույս ունի, որ միաձուլումը կօգնի իրեն վերածվել պատկերային և օպտիկական տեխնոլոգիաների լայնածավալ արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության՝ սպասարկելով սպառողական, առևտրային, պաշտպանական և ԱԲ ենթակառուցվածքների հետ կապված շուկաները։





