spot_imgspot_imgspot_imgspot_img

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները և առաջնահերթությունները

Փետրվարի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները և առաջնահերթությունները։

Ներկայացվել են նաև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ցուցանիշները, պետական աջակցության նոր գործիքները, ոլորտի ռազմավարության մշակման ընթացքը և առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները։

Նախարար Հայրապետյանն անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) բովանդակային փոփոխություններին, ֆինանսավորման աճին։ Նշվել է, որ 2025 թվականին ԳՀՓՄ ծրագրերի ֆինանսավորումը գերազանցել է 2.1 միլիարդ դրամը՝ շուրջ 50 տոկոսով ավելին, քան նախորդ տարի։

Անդրադարձ է կատարվել ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին, որի շրջանակում սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղություններ՝ արհեստական բանականություն, տվյալագիտություն, մեքենայական ուսուցում, ծրագրային ապահովման մշակում, բիոինժեներիա, այլ տեխնոլոգիաներ։ Ռազմավարության հաստատումը նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև միջազգային աքսելերացիոն ծրագրերի, այդ թվում՝ Plug and Play-ի հետ համագործակցության արդյունքները, «Սևան ստարտափ սամմիթ»-ի, Ինժեներական քաղաքի, «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնի գործունեությունը, 5G տեխնոլոգիայի ներդրման, արբանյակային ինտերնետի հասանելիության, կիբեռանվտանգության և թվայնացման ծրագրերը։

Առանձին անդրադարձ է կատարվել արհեստական բանականության և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում  ԱՄՆ հետ համագործակցությանը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը հիմք է դարձել ոլորտային գործընկերության խորացման համար։ Նշվել է, որ համագործակցության շրջանակում հայտարարվել է Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման նախաձեռնության մասին, որը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումներով՝ միջազգային տեխնոլոգիական գործընկերների ներգրավմամբ։ Շարունակվում են աշխատանքներն ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ Հայաստանում բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների ձևավորման, ամպային լուծումների կիրառման և տեղական մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ձևավորվող համագործակցությունը դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության ուղղություն՝ Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միջազգային ինտեգրման և ներդրումային միջավայրի ամրապնդման տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Նշվել է, որ ինստիտուտը ձևավորվել է որպես հարթակ՝ միավորելու պետական կառույցների, մասնավոր հատվածի, գիտահետազոտական կազմակերպությունների և ստարտափների ջանքերը՝ արհեստական բանականության լուծումների մշակման և կիրառման ուղղությամբ։

Ասուլիսի ավարտին նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...