Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) պարտավորություն է ստանձնել մինչև 90 միլիոն դոլարի ներդրում կատարել Airtel Money-ի օպերատոր Airtel Mobile Commerce N.V.-ում՝ հանդես գալով որպես Լոնդոնի ֆոնդային բորսայում ընկերության գալիք IPO-ի (առաջնային հրապարակային առաջարկ) հիմնական ներդրող։
Ներդրումը կատարվում է այն ընթացքում, երբ Airtel Money-ի մայր ընկերությունը՝ Airtel Africa-ն, պատրաստվում է հրապարակել իր ցուցակման տեղեկագիրը։
Գործարքի շրջանակում գործող բաժնետերերը կվաճառեն իրենց բաժնետոմսերի մի մասը՝ ազատելով Airtel Money-ին նոր միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունից։ Airtel Africa-ն և փոքրամասնության բաժնեմաս ունեցող ներդրողները կվաճառեն բաժնետոմսերը։ Ակնկալվում է, որ բաժնետոմսերի վաճառքի արդյունքում ընկերությունը կներգրավի շուրջ 800 միլիոն դոլար և կգնահատվի 8-9 միլիարդ դոլար։
Airtel Money-ն գործում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ գտնվող 13 շուկաներում։ 2026թ.-ի մարտին ավարտված ֆինանսական տարում ընկերությունը գրանցել է 1.3 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ EBITDA-ի (շահույթը մինչև տոկոսները, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան) մարժան կազմել է գրեթե 50%։ Ընկերությունը իր բիզնես մոդելը բնութագրում է որպես պարտքերից ազատ, քիչ կապիտալ պահանջող և դրամական միջոցներ գեներացնող։
Ներդրողներն այժմ գնահատում են, թե ինչպես կգործի բիզնեսը Airtel Africa-ից անկախ, քանի որ այն օգտվում է մայր ընկերության հեռահաղորդակցային ենթակառուցվածքից և գործակալների ցանցից։ Պետք է նշել նաև, որ Airtel Money-ի EBITDA-ի մարժան վերջերս (հունիսին ավարտված եռամսյակի հաշվարկով) նվազել է մինչև 49.1%՝ ներքին ծառայությունների վճարների փոփոխությունից հետո։ Միաժամանակ, արժութային տատանումները, կանոնակարգային միջավայրը և OPay-ի ու PalmPay-ի նման ընկերությունների հետ մրցակցությունը շարունակում են մարտահրավերներ ստեղծել ընկերության համար։
Ղեկավարությունն ակնկալում է, որ թվային գործարքների ծավալը մինչև 2031թ.-ը հնգապատիկ կաճի՝ սմարթֆոնների տարածման և ժողովրդագրական նոր միտումների (երիտասարդների ներգրավում, ուրբանիզացիա) շնորհիվ։ IPO-ի գլխավոր կազմակերպիչների թվում են՝ Citigroup-ը, Barclays-ը, Goldman Sachs-ը և JPMorganChase-ը։




