spot_imgspot_imgspot_img

Ռիսկերի կառավարումն այլևս «ոչ» ասելու մասին չէ. Ինեկոբանկը ռիսկերի կառավարման իր մոդելն է առաջարկում

«Եթե 10-20 տարի առաջ ռիսկերի կառավարումն ամբողջ աշխարհում ավելի շատ վերահսկողական գործառույթ էր, ապա այսօր այն դարձել է բիզնեսի անբաժանելի մասը։ Ռիսկերի կառավարումն այլևս պարզապես կարգավորման պահանջ չէ կամ ստորաբաժանում, որը միայն սահմանափակումներ է դնում։ Այն պետք է օգնի բիզնեսին ճիշտ որոշումներ կայացնել և անվտանգ աճել»։

Վերջին տարիներին բանկային համակարգը փոխվում է աննախադեպ արագությամբ։ Թվայնացումը, արհեստական բանականությունը, կիբեռսպառնալիքները, նոր կարգավորումները և աշխարհաքաղաքական անկայունությունը վերափոխում են ոչ միայն ֆինանսական ծառայությունները, այլև այն սկզբունքները, որոնցով կառավարվում են ռիսկերը։ Եթե նախկինում ռիսկերի կառավարումը հիմնականում դիտարկվում էր որպես վերահսկողական գործառույթ, ապա այսօր այն դարձել է բիզնեսի ռազմավարական գործընկերը։

Այս փոփոխությունների, ինչպես նաև կիբեռանվտանգության, թվային զեղծարարությունների, երրորդ կողմերից կախվածության, արհեստական բանականության և բանկային ոլորտի ապագայի մասին զրուցել ենք Ինեկոբանկի Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն (Chief Risk Officer) Սուրեն Փախչանյանի հետ։

«Երկու օդաչու մեկ ինքնաթիռում»

Փախչանյանի համոզմամբ, ռիսկերի կառավարման և բիզնեսի փիլիսոփայության ամենահստակ պատկերը ինքնաթիռի մետաֆորն է։

«Ես հաճախ բերում եմ ինքնաթիռի օրինակը․ օդանավը երկու օդաչու ունի։ Մեկը պայմանականորեն բիզնեսն է, մյուսը՝ ռիսկերի կառավարումը։ Եթե նրանք չեն գործում նույն ուղղությամբ կամ մեկը փորձում է մյուսին հակադրել, ինքնաթիռը նպատակակետ չի հասնի։ Նրանք պետք է աշխատեն որպես մեկ թիմ»։

Հենց այդ պատճառով, ըստ նրա, շատ կարևոր է, որ բիզնեսի ռազմավարությունն ու ռիսկերի ռազմավարությունը լիովին համահունչ լինեն. եթե կազմակերպությունն ունի հստակ բիզնես նպատակներ, դրանց զուգահեռ պետք է ձևավորվի նաև ռիսկերի կառավարման ռազմավարությունը։ «Միայն այդ դեպքում ռիսկերի կառավարումը դառնում է ոչ թե խոչընդոտ, այլ բիզնեսի զարգացման իրական գործընկեր»,- ասում է նա։

Համեմատելով հայկական և եվրոպական մոտեցումները, Փախչանյանը նշում է, որ Եվրոպայում ռիսկերի կառավարման համակարգերն ավելի զարգացած են, իսկ կարգավորող պահանջները՝ ավելի խիստ, սակայն հայկական մոտեցումն ունի իր առավելությունը. «Եվրոպայում շատ գործընթացներ իրականացվում են պարզապես այն պատճառով, որ կարգավորող մարմինն է պահանջում։ Մեզ մոտ, շատ դեպքերում, դրանք ներդրվում են, որովհետև բիզնեսն ինքն է հասկանում դրանց արժեքն ու անհրաժեշտությունը»։

Ով է ռիսկի իրական տերը

Մի կարևոր ոլորտ, որը դեռ կատարելագործման կարիք ունի Հայաստանում, Փախչանյանի կարծիքով, այն է, որ այսպես կոչված առաջին պաշտպանական գիծը (First Line of Defense) լիարժեք ստանձնի ռիսկերի սեփականատիրոջ դերը։ «Դեռ հաճախ հանդիպում է ընկալում, թե ռիսկերի պատասխանատուն միայն ռիսկերի կառավարման ստորաբաժանումն է։ Իրականում դա այդպես չէ»,- ասում է նա։

«Ռիսկի իրական սեփականատերը հենց բիզնեսն է,- բացատրում է Փախչանյանը։- Եթե խոսքը մարքեթինգի ռիսկերի մասին է, դրանց պատասխանատուն մարքեթինգն է, եթե ռիթեյլի՝ ռիթեյլ բիզնեսը, եթե կորպորատիվ բանկինգի՝ համապատասխան բիզնես ուղղությունը»։ Ռիսկերի կառավարման ստորաբաժանումը, այսինքն՝ երկրորդ պաշտպանական գիծը (Second Line of Defense), չի փոխարինում բիզնեսին, այլ աջակցում է նրան, մարտահրավեր նետում, անհրաժեշտ հարցեր բարձրացնում և սահմանում խաղի կանոնները. վերջնական որոշումներն ու դրանց պատասխանատվությունը մնում են բիզնեսի վրա։

Կանխարգելումից՝ իրական ժամանակում մոնիթորինգի

Կանխարգելումը շարունակում է մնալ ռիսկերի կառավարման հիմնական առաքելություններից մեկը, սակայն, ըստ Փախչանյանի, այսօր այն արդեն բավարար չէ։ «Աշխարհում, և նաև մեզ մոտ, ռիսկերի կառավարումն աստիճանաբար անցնում է իրական ժամանակի մոնիթորինգի,- ասում է նա։- Այլևս չենք սպասում, որ ամիսն ավարտվի և միայն հաշվետվությունների միջոցով գնահատենք իրավիճակը։ Փոխարենը, ձգտում ենք ռիսկերը հետևել շարունակական՝ օրական, նույնիսկ որոշ դեպքերում իրական ժամանակում, որպեսզի կարողանանք արագ արձագանքել ցանկացած փոփոխության»։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ինեկոբանկը ամբողջությամբ վերանայել է ռիսկերի կառավարման իր շրջանակը՝ այն դարձնելով առավել կանխատեսող (forward-looking)։ «Այսօր ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ներկա իրավիճակին, այլ նաև մեկ, երեք և հինգ տարվա հորիզոնում հնարավոր ռիսկերի գնահատմանը,- նշում է Փախչանյանը։- Դրա համար կիրառում ենք կանխատեսման ավելի առաջադեմ մեթոդներ, որպեսզի ոչ միայն արձագանքենք փոփոխություններին, այլ նաև պատրաստ լինենք դրանց դեռևս նախքան դրանք իրականություն կդառնան»։

24/7 հասանելիություն՝ որպես նոր ստանդարտ

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում գործառնական կայունությանը՝ resilience-ին։ «Այսօր հաճախորդների և կարգավորող մարմնի համար այլևս բավարար չէ լսել, որ բանկը ռիսկերը կառավարում է,- ասում է Փախչանյանը։- Նրանք ակնկալում են, որ բանկը կլինի դիմակայուն․ այսինքն՝ ճգնաժամերի, տեխնիկական խափանումների, հոսանքի անջատումների, կիբերհարձակումների կամ երրորդ կողմի համակարգերի խնդիրների դեպքում բիզնեսը չպետք է կանգնի»։

Ինեկոբանկում, ինչպես նշում է նա, գնահատվում են բոլոր կարևոր համակարգերը, և յուրաքանչյուրի համար սահմանվում են վերականգնման հստակ չափանիշներ։ «Բոլոր գործընթացները նույն կարևորությունն ու հրատապությունը չունեն,- շեշտում է Փախչանյանը։- Կորպորատիվ վարկավորման դեպքում որոշ գործընթացներ կարող են տևել օրեր, և մեկ օրվա տարբերությունն այնքան էլ էական չէ։ Բայց ռիթեյլ բանկինգում իրավիճակը լրիվ այլ է։ Եթե, օրինակ, բջջային հավելվածը կամ վճարային ծառայությունները հասանելի չեն, դա անմիջապես ազդում է հազարավոր հաճախորդների վրա»։

Բանկը մեծ ուշադրություն է դարձնում նաև կանխարգելիչ միջոցառումներին՝ վերլուծելով ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչները՝ էլեկտրամատակարարումից մինչև պահուստային համակարգերը։ «Մեր նպատակն այն է, որ լինի հոսանքի անջատում, տեխնիկական խափանում, ծրագրային թարմացում կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, բանկի հիմնական ծառայությունները շարունակեն գործել, իսկ հաճախորդը հնարավորինս չզգա այդ ազդեցությունը»,- ամփոփում է Փախչանյանը։

Երբ հարձակման թիրախը արդեն մարդն է

Թվայնացումը բանկային համակարգին տվել է հսկայական հնարավորություններ, բայց միաժամանակ ստեղծել նոր տեսակի ռիսկեր։ «Հայաստանում այսօր ամենատարածված մեթոդներից մեկը սոցիալական ինժեներիան (Social Engineering) է,- ասում է Փախչանյանը։- Այս դեպքում հարձակվողները ոչ թե կոտրում են համակարգերը, այլ մոլորության մեջ են գցում մարդկանց՝ ստիպելով նրանց ինքնակամ տրամադրել իրենց անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ մեկանգամյա հաստատման կոդերը»։

Տարածված է նաև վնասակար ծրագրերի (malware) տարածման մեթոդը, երբ մարդուն զանգահարում են ինտերնետի կամ հեռախոսային ծառայության մատակարարի անունից և ուղարկում վնասակար հղում։ «Այսօր հարձակման հիմնական թիրախն արդեն ոչ թե բանկի համակարգերն են, այլ հենց մարդը»,- հստակեցնում է Փախչանյանը։

Հատկապես տարածված են այն դեպքերը, երբ խարդախները ներկայանում են որպես իրավապահ կամ պետական մարմինների աշխատակիցներ, վախի մթնոլորտ ստեղծելով համոզում են հաճախորդին, որ իր հաշիվների հետ խնդիր կա, և առաջարկում «փրկել» գումարը՝ փոխանցելով այն իբր անվտանգ հաշվին։ «Եթե հաճախորդն ինքն է կատարում այդ գործողությունները, բանկն արդեն չի կարող կանխել դրանք,- ասում է Փախչանյանը։- Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ է ավարտվում բանկի պատասխանատվությունը և որտեղ է սկսվում հաճախորդի անձնական պատասխանատվությունը»։

Ինքնապաշտպանության հիմնական գործիքը՝ իրազեկումը

«Ամենակարևոր գործիքը, իմ կարծիքով, իրազեկումն է,- ասում է Փախչանյանը։- Մեր հիմնական ուղերձը շատ պարզ է՝ ձեր տվյալների միակ սեփականատերը դուք եք։ Ոչ մի բանկի աշխատակից երբեք չի խնդրի ձեզ փոխանցել PIN կոդը, գաղտնաբառը, քարտի ամբողջական տվյալները կամ հաստատման կոդերը»։

Միաժամանակ, ըստ նրա, պետք է պահպանել հավասարակշռությունը անվտանգության և հարմարավետության միջև. «Եթե յուրաքանչյուր փոխանցման համար հաճախորդին ստիպենք այցելել մասնաճյուղ, լրացուցիչ փաստաթղթեր ստորագրել կամ երկար հաստատումներ անցնել, նույն մարդիկ արդարացիորեն կասեն, որ թվային բանկինգը կորցրել է իր առավելությունը»։ Բանկն այդ նպատակով օգտագործում է բազմագործոն նույնականացում, կենսաչափական լուծումներ, դեմքի ճանաչում և վարքագծային վերլուծություն։ «Հարցն այն չէ, թե անվտանգության միջոցները որոշակի անհարմարություն ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։ Հարցն այն է, թե արդյոք այդ անհարմարությունն արդարացված է այն պաշտպանության մակարդակով, որն ապահովում են։ Հաճախորդները ցանկանում են, որ բանկային ծառայությունները լինեն արագ և պարզ, բայց միաժամանակ ակնկալում են, որ իրենց միջոցները լինեն առավելագույնս պաշտպանված։ Սա նման է օդանավակայանի անվտանգության ստուգումներին․ բոլորը ցանկանում են հնարավորինս արագ անցնել դրանք, բայց միաժամանակ վստահ լինել, որ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացվել են։ Մեր նպատակը հնարավորինս նվազեցնել ավելորդ քայլերն ու անհարմարությունները՝ երբեք չզիջելով անվտանգության մակարդակը»։

Հարցին, թե հնարավոր է արդյոք ամբողջությամբ ազատվել զեղծարարությունից, Փախչանյանի պատասխանը հստակ է.

«Կարծում եմ՝ ոչ։ Աշխարհում չկա բանկ, որը կարող է 100 տոկոսով բացառել զեղծարարության ռիսկը։ Բանկերը մշտապես ներդնում են նոր տեխնոլոգիաներ, զարգացնում պաշտպանական համակարգերը, սակայն խարդախները նույնպես զարգանում են և մշտապես փորձում շրջանցել գործող պաշտպանական մեխանիզմները։ Այստեղ ամենակարևոր գործոնը շարունակում է մնալ ֆինանսական և թվային գրագիտությունը»:

Կախվածությունը երրորդ կողմերից՝ նոր ռազմավարական ուղղություն

Այս տարի Լոնդոնում կայացած Risk Evolve Conference-ի, որտեղ ընկերությունը ներկայացված էր որպես հովանավոր, իսկ Փախչանյանը` բանախոս, հիմնական թեմաներից մեկը՝ բացի գործառնական կայունությունից, երրորդ կողմի մատակարարների կառավարումն էր (Third-Party Risk Management)։ Որպես ակնառու օրինակ, Փախչանյանը հիշում է Microsoft-ի անվտանգության ենթակառուցվածքում տեղի ունեցած սխալ թարմացումը, որի հետևանքով խափանումների ենթարկվեցին բազմաթիվ կազմակերպություններ ամբողջ աշխարհում։

«Այդ պահին ես Գերմանիայում էի, և նույնիսկ այնտեղ որոշ գնացքների աշխատանքը խափանվել էր։ Մեր դեպքում էլ Outlook-ը և Microsoft-ի մի շարք ծառայություններ որոշ ժամանակ անհասանելի էին։ Հետաքննությունից հետո պարզ դարձավ նաև մեկ այլ կարևոր հանգամանք․ նույնիսկ Microsoft-ի նման տեխնոլոգիական հսկան ինքն էլ է կախված բազմաթիվ այլ մատակարարներից»։

Իսկ ինչու բանկերը, գիտակցելով այս ռիսկը, այնուամենայնիվ չեն կարող հրաժարվել երրորդ կողմերի հետ աշխատանքից։ Փախչանյանի բացատրությամբ, պատճառն առաջին հերթին տնտեսագիտական է. «Բանկերը չեն աշխատում երրորդ կողմերի հետ, որովհետև անտեսում են ռիսկերը։ Ընդհակառակը՝ դրանք գիտակցում և կառավարում են, քանի որ նման համագործակցության առավելությունները զգալիորեն գերազանցում են հնարավոր ռիսկերը։ Ի վերջո, բանկի հիմնական առաքելությունը ֆինանսական միջնորդությունն ու ռիսկերի կառավարումն են, ոչ թե յուրաքանչյուր տեխնոլոգիական լուծում սեփական ուժերով մշակելը: Շատ դեպքերում սեփական լուծում մշակելը զգալիորեն ավելի թանկ է։

Մինչդեռ մասնագիտացված մատակարարները զբաղվում են բացառապես այդ ուղղությամբ, աշխատում են հարյուրավոր կամ հազարավոր կազմակերպությունների հետ, և այդ փորձը հետո վերածվում է ավելի լավ և անվտանգ պրոդուկտի: Ճիշտ այնպես, ինչպես ավիաընկերություններն իրենք չեն արտադրում իրենց ինքնաթիռները, այնպես էլ բանկերը չեն կարող և չպետք է բոլոր տեխնոլոգիական լուծումները ստեղծեն սեփական ուժերով։

Ուստի նպատակը լիարժեք անկախությունը չէ, այլ դիմակայունությունը։ CrowdStrike-ի դեպքը ցույց տվեց, որ խնդիրը երրորդ կողմի մատակարարների հետ աշխատելը չէ։ Խնդիրն այն է, երբ ենթադրում ես, թե նույնիսկ ամենակարևոր գործընկերը չի կարող խափանվել։ Ժամանակակից ռիսկերի կառավարումը սկսվում է հենց այդ կանխավարկածից հրաժարվելուց և նման ռիսկերի ազդեցությունը նվազեցնող մեխանիզմներ կառուցելուց»։

Բանկի խնդիրն այս պայմաններում ճիշտ պահանջներ սահմանելն է. պայմանագրերով հստակ ամրագրվում են ծառայության մակարդակի պահանջները (SLA), արձագանքման ժամկետները, անվտանգության ստանդարտները։ Ինեկոբանկը վերջերս է ներդրել Salesforce հարթակը, ինչպես նաև համագործակցում է կիբեռանվտանգության ոլորտի միջազգային ընկերությունների, ինչպես նաև Visa-ի և Mastercard-ի հետ։ «Մեր մոտեցումը շատ պարզ է,- ասում է Փախչանյանը,- որտեղ շուկայում կա լավագույն մասնագիտացված լուծումը, փորձում ենք համագործակցել հենց այդ մատակարարի հետ՝ պահպանելով անվտանգության բարձր չափանիշները»։

Ապահովագրությունը՝ լուծում, որը պետք է չաղավաղի դրդապատճառները

Ինեկոբանկն արդեն առաջարկում է բիզնեսի, գույքի և որոշ ֆինանսական ռիսկերի ապահովագրություն, սակայն հաճախորդի անձնական՝ թվային խարդախություններից բխող ռիսկերի ապահովագրման պրոդուկտ դեռ չունի։ «Այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, և կարծում եմ՝ առաջիկայում նման պրոդուկտներ նույնպես կհայտնվեն»,- ասում է Փախչանյանը։

Սակայն նա հատկապես ընդգծում է մի կարևոր նրբություն, որը տնտեսագիտության մեջ կոչվում է moral hazard՝ բարոյական ռիսկ. «Երբ մարդը գիտի, որ ամեն ինչ 100 տոկոսով ապահովագրված է, հաճախ ավելի քիչ ուշադրություն է դարձնում սեփական անվտանգությանը։ Նույն սկզբունքը գործում է նաև թվային խարդախությունների դեպքում։ Եթե մարդը վստահ լինի, որ ցանկացած կորուստ ամբողջությամբ կփոխհատուցվի, կարող է ավելի անփույթ վերաբերվել իր տվյալների անվտանգությանը»։

Հենց այդ պատճառով, ըստ Փախչանյանի, նման ապահովագրությունները պետք է լինեն կամավոր և հիմնված ճիշտ խրախուսման մեխանիզմների վրա, որպեսզի անվտանգության կանոններին հետևող հաճախորդները չվճարեն անփույթ վերաբերվողների փոխարեն։ «Եթե հաճախորդը ցանկանում է լրացուցիչ պաշտպանություն, նա կարող է ընտրել համապատասխան ապահովագրական փաթեթ և դրա համար վճարել։ Այդ դեպքում շահում են բոլոր կողմերը»,- ասում է նա։

Արհեստական բանականությունը՝ օգնական, ոչ թե որոշում կայացնող

Արհեստական բանականության կիրառումն այսօր արդեն բանկային համակարգի անբաժանելի մասն է, ասում է Փախչանյանը. վարկային սկորինգ, մեքենայական ուսուցման մոդելներ, ավտոմատացված վերլուծություններ։ «Եթե որևէ խնդիր կարող է լուծել ChatGPT-ն, Gemini-ն, Claude-ը կամ մեկ այլ AI գործիք, ապա ժամանակը չարժե ծախսել նույն աշխատանքը ձեռքով կատարելու վրա,- ասում է նա։- Մարդու հիմնական արժեքն այսօր ոչ թե տեղեկատվություն հավաքելն է, այլ ճիշտ հարց տալը, ճիշտ արդյունքը գնահատելը և դրա հիման վրա որոշում կայացնելը»։

Փախչանյանի ելույթը Լոնդոնում կայացած Risk Evolve Conference-ում նվիրված էր հենց AI-ի կիրառմանը ոչ ֆինանսական և գործառնական ռիսկերի կառավարման ոլորտում. «Օրինակ՝ այսօր հնարավոր է, որ աշխատակիցը պարզապես նկարագրի տեղի ունեցած միջադեպը, իսկ AI-ն ավտոմատ լրացնի ամբողջ դեպքի քարտը, դասակարգի ռիսկը, առաջարկի անհրաժեշտ դաշտերը և զգալիորեն կրճատի ձեռքով կատարվող աշխատանքը»։

Միաժամանակ, ինչպես ընդգծում է նա, յուրաքանչյուր լուծում պետք է լինի վերահսկելի և հասկանալի, իսկ վերջնական պատասխանատվությունը՝ մարդու վրա. «AI-ն որոշումներ կայացնելու փոխարեն պետք է օգնի մասնագետին ավելի արագ և ավելի որակյալ աշխատել»։ Բանկը չի թույլատրում, որ աշխատակիցները զգայուն տվյալներ տեղադրեն հանրային AI հարթակներում և օգտագործում է կորպորատիվ (Enterprise) տարբերակներ, որտեղ տվյալները մնում են վերահսկվող միջավայրում։ Հաճախորդներին նույնականացնող կամ զգայուն անձնական տվյալները երբեք չեն ներմուծվում արհեստական բանականության հարթակներ։

Փախչանյանը նաև մանրամասնում է GRC (Governance, Risk & Compliance) հարթակի դերը, որը Ինեկոբանկն առաջիններից է ներդրել Հայաստանում. «Ամենակարևորը տարբեր գործընթացների միջև կապերի ստեղծումն է, ինչը հնարավոր է ապահովել միայն համապատասխան գործիքների միջոցով,- ասում է նա։ – Օրինակ, եթե գրանցվում է որևէ գործառնական կորուստ կամ միջադեպ, համակարգն անմիջապես հնարավորություն է տալիս հասկանալ՝ արդյոք անհրաժեշտ է վերանայել համապատասխան ռիսկային սցենարները»։ Ինչպես ամփոփում է Փախչանյանը, «եթե կազմակերպությունը ցանկանում է ունենալ ժամանակակից և հասուն ռիսկերի կառավարման համակարգ, նման գործիքն արդեն պարզապես առավելություն չէ, այլ անհրաժեշտություն»։

«Սև կարապի» և առաջիկա հինգ տարիների մարտահրավերները

Հարցին, թե որ ռիսկերը կդառնան ամենամեծ մարտահրավերը բանկային համակարգի համար առաջիկա հինգ տարիներին, Փախչանյանը անվանում է երեքը՝ կիբեռռիսկերը, աշխարհաքաղաքական ռիսկերը և երրորդ կողմի մատակարարներից կախվածությունը (Third-Party Risk), որոնք, ըստ նրա, անխուսափելիորեն կուժեղանան թվայնացման զարգացման զուգահեռ։ «Ռիսկային միջավայրն այսօր դարձել է շատ ավելի փոխկապակցված։ Ամենամեծ սպառնալիքներն այլևս առանձին ռիսկեր չեն, այլ կիբեռռիսկերի, երրորդ կողմերից կախվածության և աշխարհաքաղաքական զարգացումների համակցությունը, որոնք կարող են փոխադարձաբար ուժեղացնել միմյանց ազդեցությունը»:

Ապագայի մասին խոսելիս, Փախչանյանն առանձնացնում է «Սև կարապի» (Black Swan) երևույթը՝ որպես ամենամեծ մարտահրավեր.

«Որպես ռիսկերի ղեկավար՝ ինձ ամենից քիչ անհանգստացնում են կանխատեսվող կորուստները (expected losses), որովհետև դրանք հնարավոր է գնահատել և կառավարել։ Ամենամեծ մարտահրավերն այն անսպասելի իրադարձություններն են (unexpected losses), որոնց գոյության մասին նույնիսկ չենք մտածել։ Մենք կարող ենք մշակել հազարավոր սցենարներ և վստահ լինել, որ ամեն ինչ հաշվի ենք առել, բայց միշտ կարող է տեղի ունենալ մի իրադարձություն, որը դուրս է բոլոր կանխատեսումներից»։

Այստեղ կրկին մեծ դեր է վերապահվում արհեստական բանականությանը. «Եթե այսօր մարդը կարող է մշակել հարյուրավոր սցենարներ, ապա AI-ն կարող է վայրկյանների ընթացքում գնահատել հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր հնարավոր զարգացումներ,- ասում է Փախչանյանը։- Դա չի վերացնի անորոշությունը, բայց կօգնի զգալիորեն ավելի լավ պատրաստվել ապագային»։ Նրա համոզմամբ,  ռիսկերի կառավարումը պետք է զարգանա նույն արագությամբ ինչ թվայնացումը:

Երբ ռիսկերի ղեկավարի և բանկի տեսլականը համընկնում են

Փախչանյանի խոսքով, իր՝ որպես ռիսկերի ղեկավարի տեսլականը լիովին համընկնում է Ինեկոբանկի մոտեցման հետ. «Ինեկոբանկում ռիսկերի կառավարումը երբեք չի դիտարկվել որպես ձևական գործառույթ,- ասում է նա։- Այն կառավարման համակարգի լիարժեք և կարևոր բաղադրիչ է, և այդ վերաբերմունքը գալիս է նաև բաժնետերերի մակարդակից»։

Որպես այս մոտեցման գործնական դրսևորում, Փախչանյանը նշում է, որ ռիսկերի ստորաբաժանումը վարկային կոմիտեներում ունի վետոյի իրավունք, եթե գնահատում է, որ տվյալ որոշումը կարող է ստեղծել անընդունելի ռիսկ։ Նույն մոտեցումը կիրառվում է նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում. «Մեր նպատակը փոփոխություններին խոչընդոտելը չէ,- ամփոփում է Փախչանյանը։ – Մեր նպատակը նորարարությունները հնարավոր դարձնելն է՝ ապահով և վերահսկելի միջավայրում»։

Փակագիծ. զգոնություն ամառային սեզոնին

Զրույցի ավարտին Փախչանյանը հատուկ խորհուրդ է հղում հաճախորդներին՝ կապված ամառային արձակուրդների սեզոնի հետ, երբ, ըստ նրա, ակտիվանում են քարտային խարդախությունների և թվային զեղծարարությունների դեպքերը։

«Ճանապարհորդելիս մարդիկ հաճախ ավելի քիչ զգոն են լինում, իսկ հենց այդ շրջանում քարտային խարդախությունների և թվային զեղծարարությունների դեպքերն ակտիվանում են։ Կարևոր է հնարավորինս զգույշ վերաբերվել ինչպես բանկային քարտերին, այնպես էլ անձնական տվյալներին. քարտը ցանկալի է երբեք չհանձնել ուրիշի ձեռքը, ուշադիր լինել վճարումներ կատարելիս, բանկոմատ օգտագործելիս և միշտ հետևել, թե ինչ գործողություններ են կատարվում ձեր քարտով։ Եթե նկատում եք որևէ կասկածելի գործողություն կամ ստանում եք տարօրինակ հաղորդագրություն կամ զանգ, ավելի լավ է անմիջապես կապ հաստատել բանկի հետ, քան հետո փորձել վերականգնել կորուստները»։

Ընդհանրապես, ամենաուժեղ պաշտպանությունը տեղեկացվածությունն ու զգոնությունն են, ասում է Փախչանյանը։ Որքան ավելի ուշադիր ենք վերաբերվում մեր անձնական տվյալներին և ֆինանսական անվտանգությանը, այնքան ավելի դժվար է զեղծարարների համար մարդկանց թիրախ դարձնել»։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...