spot_imgspot_imgspot_img

Ինեկոբանկի տեխնոլոգիական տրանսֆորմացիան ռիսկերի կառավարման գործընթացում

«Իմ տեսլականն է, որ Ինեկոբանկի ցանկացած նոր պրոդուկտի կամ ծառայության թողարկման կամ ֆինթեքի հետ համագործակցության դեպքում ռիսկերի կառավարումը չդառնա խոչընդոտ, այլ լինի խթանող ուժ»։

Բանկային ոլորտում ռիսկերի կառավարման իր երկար տարիների փորձով և կանխատեսումներով է կիսվել Ինեկոբանկի Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն Սուրեն Փախչանյանը:

Ի՞նչը ստիպեց Ձեզ Հայաստան վերադառնալ երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո։

Շուրջ 15 տարի աշխատելով Գերմանիայում և Եվրոպայում՝ որոշում կայացրի վերադառնալ Հայաստան և ներդնել իմ փորձն ու գիտելիքը մեր երկրի ֆինանսական ոլորտի զարգացման գործում։

Ինեկոբանկը Հայաստանում ամենանորարար և առաջադեմ բանկերից է, որտեղ Ռիսկերի դեպարտամենտի տնօրենի պաշտոնը ստանձնելն ինձ համար հնարավորություն էր՝ կիրառելու լավագույն միջազգային փորձը հայկական շուկայի պահանջներին համապատասխան։ Հայաստան գալն ինձ համար նաև վերադարձ էր արմատներիս, միևնույն ժամանակ երկրի տնտեսությանը օգտակար լինելու նոր հնարավորություն։

Այս որոշումը կայացնելու հարցում էականորեն կարևոր էին նաև բաժնետերերի և գործադիր տնօրենի հետ զրույցներս։ Ինեկոբանկի տեսլականը միանգամայն համապատասխանում էր ռիսկերի կառավարման վերաբերյալ իմ պատկերացումներին, և ես զգացի ջերմ ընդունելություն ու աջակցություն։ Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ Ինեկոբանկին միանալու իմ որոշումը շատ բնական էր և մոտիվացնող։

Նշեցիք, որ երկար տարիներ արտասահմանում աշխատելուց հետո միացել եք Ինեկոբանկին որպես Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն։ Ինչպե՞ս եք գնահատում թվային բանկերի զարգացման ժամանակաշրջանում ռիսկերի կառավարման դերը։

Թվային դարաշրջանում ռիսկերի կառավարումը այլևս չի սահմանափակվում համապատասխանությունների և իրավական կարգավորումների վերաբերյալ հաշվետվություններով։ Այժմ կարևոր է նորարարություններին հետևել և պահպանել ճկունությունը։ Թվային տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ կան նաև կիբերանվտանգությանը, տվյալների գաղտնիությանը, ամպային տեխնոլոգիաների ներդրմանը և երրորդ կողմի հետ համագործակցություններին վերաբերող մի շարք հարցեր։

Ինձ համար ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն լինելը պարզապես պաշտպանություն ապահովելը չէ, այլև թվային նոր պրոդուկտների և ծառայությունների կիրառման համար ապահով, անվտանգ և հաճախորդակենտրոն միջավայր ստեղծելը՝  իր բազմաթիվ հնարավորություններով։

Ինչպե՞ս կնկարագրեք տեխնոլոգիաների դերը Ինեկոբանկի ռիսկերի կառավարման գործընթացում։

Ներկայումս ռիսկերի կառավարման ողջ գործընթացը հիմնվում է նորագույն տեխնոլոգիաների վրա։ Մենք անցում ենք կատարում մանուալ մոնիթորինգից և ստատիկ հաշվետվություններից իրական ժամանակի վահանակների (dashboard), կանխատեսողական վերլուծությունների և արհեստական բանականության վրա հիմնված մոդելների։

Ինեկոբանկում իմ կարևորագույն առաքելություններից մեկը ռիսկերի կառավարման համապարփակ շրջանակի ձևավորումն է, որը ուղեկցվում է վերլուծական և մեքենայական ուսուցման (machine learning) գնահատման առաջադեմ մոդելների ներդրմամբ և գործընթացների ավտոմատացմամբ։ Այս ամենը ոչ միայն բարձրացնում է բանկի արդյունավետությունը, այլև օգնում է ավելի լավ պատկերացում կազմել որոշումներ կայացնելիս։

Ինեկոբանկը հաճախ է ներկայացվում որպես առաջատար թվային բանկ Հայաստանում։ Եվրոպայում մենք տեսնում ենք ամբողջությամբ թվային բանկերի զարգացումը, ինչպիսիք են N26-ը, Revolut-ը կամ Trade Republic-ը։ Ինչպե՞ս է Ինեկոբանկը տեսնում այս համաշխարհային թվայնացման միտումները և իր զարգացումը այդ համատեքստում։

Կարծում եմ՝ սա շատ կարևոր և խրախուսելի միտում է։ Բանկային ոլորտի թվայնացմանը զուգընթաց նվազում է ֆիզիկական մասնաճյուղերի պահանջարկը։ Ըստ մի շարք հարցումների՝ նոր սերնդի ներկայացուցիչները հազվադեպ են բանկ այցելում. նրանք նախընտրում են թվային պրոդուկտներն ու ծառայությունները։ Աշխարհում շատ բանկեր արդեն լրջորեն արձագանքում են այս առանցքային փոփոխությանը՝ ներդրումներ կատարելով թվայնացման գործընթացներում։

N26-ի, Revolut-ի և Trade Republic-ի նման առաջատար բանկերը արագ զարգանում են՝ օգտատերերին առաջարկելով հարմարավետ թվային փորձառություններ։ Ինեկոբանկում մեր մոտեցումը նույնպես հիմնված է առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա, սակայն մի կարևոր տարբերությամբ. մենք մեկտեղում ենք նորագույն տեխնոլոգիաները վստահության, կայունության և հաճախորդների հետ ամուր հարաբերությունների հետ։

Մեր հիմնական մարտահրավերն է՝ ապահովել սահուն և հասանելի հաճախորդի կենսափորձ՝ միաժամանակ պահպանելով ռիսկերի կառավարման, իրավական կարգավորումների և երկարաժամկետ կայունության համալիր մոտեցում։

Այսօր թվային բանկերը մեծ տարածում ունեն աշխարհում։ Ինչպե՞ս է Ինեկոբանկը առնչվում այս փորձառությանը և ի՞նչ ռիսկեր կան բանկային այս մոդելներում։

Թվային բանկերը ապահովում են հարմարավետություն և մասշտաբայնություն, սակայն այստեղ ևս կան որոշակի ռիսկեր. այս բանկերը կախված են ամպային ենթակառուցվածքներից, ենթակա են կիբերհարձակումների և հաճախ ունեն ավելի քիչ դիվերսիֆիկացված եկամտի աղբյուրներ։

Մենք աշխատում ենք համատեղել թվային և ֆիզիկական բանկային մոդելների առավելությունները, այսինքն՝ առաջարկել թվային բանկերի ճկունությունն ու հաճախորդակենտրոնությունը, ինչպես նաև ավանդական բանկերի կայունությունն ու վստահությունը։ Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս առաջ շարժվել նորարար լուծումներով՝ պահպանելով կայունությունը։

Կիբերհարձակումները թվային բանկերի մեծագույն թշնամին են։ Ինչպե՞ս է Ինեկոբանկը պայքարում այս խնդրի դեմ։

Կիբերանվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, և մեր որդեգրած ռազմավարությունը բազմաշերտ պաշտպանությունն է. զարգացած ՏՏ կառավարում, ներթափանցման պարբերական ստուգում, շուրջօրյա մոնիթորինգ և աշխատակիցների վերապատրաստում։

Նշեմ, որ մշտապես համագործակցում ենք նաև այլ մասնագետների հետ՝ այդ թվում միջազգային ոլորտի, և իհարկե իրավապահ մարմինների հետ։ Մեզ համար կիբերանվտանգությունը պարզապես ՏՏ խնդիր չէ, այլև բիզնեսի ռազմավարության կարևոր կետ, որը գտնվում է բանկի ողջ ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Տվյալները և արհեստական բանականությունը տրանսֆորմացնում են բանկային համակարգը։ Ինչպե՞ս եք համատեղում նորարարությունը ռիսկերի հետ։

Արհեստական բանականությունը և Մեծ տվյալները (Big Data) բանկային ոլորտի համար հիանալի հնարավորություններ են ստեղծում. Վարկարժանության ավելի արդյունավետ գնահատում, զեղծարարությունների արագ հայտնաբերում և անհատական ֆինանսական առաջարկներ։ Այս բոլոր առավելությունների հետ մեկտեղ, սակայն, կան պոտենցիալ ռիսկեր, ինչպիսիք են ալգորիթմներում հնարավոր խնդիրների ի հայտ գալը, տվյալների գաղտնիության պահպանումը և առհասարակ թվային մոդելի ռիսկերը։

Ինեկոբանկում արհեստական բանականության կիրառումը առավել թափանցիկ և վստահելի է շնորհիվ Ռիսկերի կառավարման մոդելի շրջանակի (Model Risk Management Framework)։ Մեզ հասանելի է հաճախորդների տվյալների ամենամեծ բազան, ինչն էլ մեզ թույլ է տալիս պարբերաբար փորձեր իրականացնել հարուստ տվյալների հիման վրա, իսկ սա տարածաշրջանի շատ այլ բանկերի համար լրջագույն խնդիր է։

Մեր հաջողության գրավականը հավասարակշռության մեջ է. մշտապես հետևել նորարարությանը՝ պահպանելով անվտանգային կանոններն ու էթիկական ստանդարտները։ Բնականաբար հայաստանյան շուկան ունի իր նրբությունները և մարտահրավերները. արհեստական բանականությամբ աշխատող շատ գործիքներ հարմարեցված չեն մեր լեզվի համար, հատկապես որ թվային տիրույթում մի մասը գրում է հայատառ, մյուս մասը՝ լատինատառ կամ  ռուսատառ։

Այս հանգամանքը արհեստական բանականությամբ աշխատող մոդելներին «վարժեցնելը» դարձնում է առավել բարդ, բայց սա կարճաժամկետ խնդիր է, որը տեխնոլոգիաների զարգացման և մեր տվյալների բազայի զարգացմանը զուգընթաց լուծում կստանա։

Ըստ Ձեզ՝ որո՞նք կլինեն ապագայում ռիսկերի կառավարման երեք հիմնական թրենդները ֆինթեք թվային բանկինգի ոլորտներում։

  1. Արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում իրականացվող ռիսկերի մոնիթորինգը։
  2. RegTech տեխնոլոգիայի ինտեգրումը՝ ավտոմատացնելու համապատասխանությունն ու հաշվետվությունները։
  3. Թվային կայունությունը՝ գործառնական շարունակականության, կիբերանվտանգության և հաճախորդների վստահության ապահովումը օրեցօր զարգացող թվային էկոհամակարգում։

Ո՞րն է Ինեկոբանկում ժամանակակից ռիսկերի կառավարման մշակույթի ձևավորման Ձեր տեսլականը։

Անկեղծ ասած՝ ես կողմ չեմ ռեակտիվ մոտեցումներին, որոնք հատուկ են տարածաշրջանի շատ բանկերի։ Ամեն ինչ կառավարելի է դառնում, երբ կա հստակ մշակված ուղեցույց իր սահմանված ռիսկերով։ Ինձ համար ռիսկերի կառավարումը բյուրոկրատիայի ստեղծումը չէ. անհրաժեշտ է ապահովել կայուն և հիմնարար միջավայր նորարարության զարգացման համար՝ առանց կառավարումը կորցնելու։

Ցանկանում եմ, որ ռիսկերի կառավարման մեր գործառույթը դիտվի նորարարական, տվյալակենտրոն և բիզնեսի զարգացմանը միտված։ Իսկ դրա համար անհրաժեշտ է թիմերին զինել թվային գործիքներով, խրախուսել ՏՏ, ռիսկերի և բիզնես բաժինների սերտ համագործակցությունը և հստակ գնահատել յուրաքանչյուր նորարարական գործընթացի ռիսկերը։ Իմ տեսլականն է, որ Ինեկոբանկի ցանկացած նոր պրոդուկտի կամ ծառայության թողարկման կամ ֆինթեքի հետ համագործակցության դեպքում ռիսկերի կառավարումը չդառնա խոչընդոտ, այլ լինի խթանող ուժ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...