Instagram-ը հայտարարել է, որ իր Edits հավելվածում (CapCut-ի մրցակից) կներդնի ԱԲ-ով աշխատող վիդեո օգնական։ Գործիքը նախատեսված է բովանդակություն ստեղծողներին անհատականացված հետադարձ կապ և վերլուծական տվյալներ տրամադրելու համար։
ԱԲ օգնականը վերլուծում է օգտահաշիվների արդյունավետության ցուցանիշները, այդ թվում՝ դիտումները, հավանումները, տարածումները, հետևորդների թիվը և տեսանյութերի դիտման տևողությունը, ինչպես նաև հաշվի է առնում մեկնաբանություններն ու Instagram-ի միտումները։
Edits-ի ղեկավար Բրեթ Ուեսթըրվելթի խոսքով՝ գործիքը բացահայտում է բովանդակության արդյունավետության օրինաչափությունները և առաջարկում գործնական խորհուրդներ՝ ստեղծողների աշխատանքը բարելավելու համար։
Բովանդակություն ստեղծողների մասնակցությամբ մշակված այս օգնականը կենտրոնացած է տվյալների վերլուծության, այլ ոչ թե ստեղծագործական որոշումների կայացման վրա՝ բովանդակության ստեղծման և մոնտաժային լուծումները թողնելով օգտատերերին։
Meta-ն գործիքն առաջին անգամ ներկայացրել էր հունիսին։ Ի տարբերություն YouTube-ի տեսանյութերի մշակման ԱԲ օգնականի, որի գործարկումը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին և, որը հիմնական կենտրոնանալու է տեսանյութերի մոնտաժի վրա, Instagram-ի գործիքը առաջնահերթություն է տալիս կատարողականության մասին վերլուծություններին։ ԱԲ օգնականի օգտագործումը սահմանափակ կլինի, սակայն Meta One բաժանորդագրության միջոցով հնարավոր կլինի ստանալ հասանելիություն։




