Հունիսի 4-ին տեղի ունեցավ «InsureTek Armenia 2026» միջազգային հեղինակավոր համաժողովը՝ առաջին անգամ մեկ հարթակում համախմբելով ապահովագրական ոլորտի առաջատար մասնագետներին, կարգավորող մարմինների ներկայացուցիչներին և տեխնոլոգիական նորարարներին՝ տեղական և միջազգային շուկաներից:
Հանդես գալով համաժողովի հանդիսավոր բացման խոսքով՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ընդգծեց ֆինանսական և ապահովագրական համակարգերի թվային փոխակերպման կարևորությունը։
«Ֆինանսական և ապահովագրական ոլորտների թվային փոխակերպումը, նորարարական լուծումների ներդրումն ու կայուն զարգացումն այսօր առաջնահերթություն են: Մենք պետք է պատրաստ լինենք արագ արձագանքելու տեխնոլոգիական մարտահրավերներին՝ ապահովելով հուսալի և առաջադեմ էկոհամակարգ»,- նշեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը:
Միջոցառման շրջանակներում ոլորտի զարգացման տեսլականով կիսվեց նաև Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը: Նա իր ելույթում անդրադարձավ տեխնոլոգիաների դերին՝ սպառողների սպասարկման որակի բարձրացման համատեքստում. «Ինշուրթեք լուծումների ինտեգրումը մեր ամենօրյա գործընթացներում այլևս ընտրության հարց չէ, այլ հրամայական: Բյուրոյի առանցքային նպատակներից է ավտոապահովագրության ոլորտում ծառայությունները դարձնել առավել պարզ, թափանցիկ և հասանելի: Թվայնացումը մեզ թույլ է տալիս կրճատել բյուրոկրատական քաշքշուկները, արագացնել հատուցումների գործընթացը և, որ ամենակարևորն է, բարձրացնել քաղաքացիների վստահությունը ողջ համակարգի հանդեպ»:
«InsureTek Armenia 2026» ֆորումը դարձավ ռազմավարական կարևորության հարթակ՝ միջազգային լավագույն փորձի քննարկման, գաղափարների փոխանակման և ապահովագրական էկոհամակարգի վաղվա օրակարգը ձևավորելու համար: Միջոցառման առանցքային ուղերձն հստակ էր. ապահովագրական տեխնոլոգիաներն այլևս հեռավոր ապագա չեն, այլ թելադրող իրողություն, որը վերափոխում է հաճախորդների փորձառությունն ու բիզնես մոդելները:
Համաժողովի ընթացքում ծավալված քննարկումները նոր խթան կհանդիսանան Հայաստանում ապահովագրական մշակույթի զարգացման և ժամանակակից թվային գործիքակազմի ներդրման համար:





