Mastercard-ը գործարկել է Global Money Platform հարթակը, որն ինտեգրում է ընկերության գլոբալ վճարային ցանցը BVNK-ի սթեյբլքոյնների ենթակառուցվածքին։ Mastercard-ը BVNK-ը ձեռք է բերել տարեսկզբին՝ 1.8 միլիարդ դոլարով։ Նոր հարթակը երկու ընկերությունների առաջին խոշոր ինտեգրումն է։
Մեկ ընդհանուր API-ի միջոցով բանկերը, ֆինտեխ ընկերությունները և բիզնեսները կարող են իրենց սեփական ապրանքանիշերի ներքո առաջարկել բազմարժութային հաշիվներ՝ թե՛ ավանդական արժույթներով, թե՛ սթեյբլքոիններով, ինչպես նաև տրամադրել արժույթների փոխարկում իրական ժամանակում, սթեյբլքոիններին կցված քարտեր և տեղական բանկային հաշիվներին փոխանցումների իրականացում։
Հարթակի հիմքում գլոբալ դրամական հաշիվ է, որը թույլ է տալիս օգտատերերին մեկ ինտեգրման միջոցով պահել, փոխարկել և փոխանցել ֆիատ արժույթներ ու սթեյբլքոիններ։ Բիզնեսները կարող են նաև այս հաշիվները կցել իրենց պրոդուկտներին՝ հաճախորդներին հնարավորություն տալով մեկ տեղում կառավարել իրենց միջոցները և ստանալ վճարումներ։
BVNK-ի միջոցով հասանելի այս հարթակը ինտեգրել է նաև Mastercard Move ծառայությունը, որը հնարավորություն է տալիս սթեյբլքոիններով միջոցները փոխանցել անմիջապես ստացողների տեղական բանկային հաշիվներին՝ տեղական արժույթով։ Ակնկալվում է, որ մինչև 2027թ.-ը ծառայությունը կընդգրկի ավելի քան 40 արժույթ և 200-ից ավելի երկիր ու տարածաշրջան։
Հարթակի հաճախորդները կկարողանան նաև իրենց սթեյբլքոիններով մնացորդային հաշիվներն օգտագործել Mastercard-ի համաշխարհային առևտրային ցանցում վճարումներ կատարելու համար։ Քարտերի թողարկման հնարավորությունը հասանելի կլինի ավելի քան 130 երկրում։ Mastercard-ի նպատակն է մեկ միասնական ենթակառուցվածքի միջոցով կապել ավանդական և թվային վճարային համակարգերը։




