Միջազգային առևտրով զբաղվող փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասը առաջիկա երկու տարում մտադիր է փոխել միջազգային վճարումների ծառայություններ տրամադրող գործընկերներին։ Այս մասին ասվում է Mastercard-ի Money in Motion զեկույցում, որը հիմնված է 11 երկրների ՓՄՁ-ների շրջանում անցկացված հարցման վրա։
Ակնկալվում է, որ B2B միջազգային վճարումների համաշխարհային շուկան 2024թ.-ին գրանցած 31.7 տրիլիոն դոլարից կաճի 51%-ով՝ հասնելով 47.8 տրիլիոն դոլարի մինչև 2032թ.-ը։ Մրցակցության սրացման ֆոնին կանխատեսվում է, որ ֆինտեխ ընկերությունները կդառնան ՓՄՁ-ների նախընտրելի վճարային գործընկերները՝ զբաղեցնելով բանկերի տեղը։
Մինչև 2028թ.-ը ՓՄՁ-ների 48%-ը որպես հիմնական վճարային ծառայություններ մատուցող կընտրի ֆինտեխ ընկերությունների՝ աճելով 2025թ.-ի 30% ցուցանիշից։ Միաժամանակ, բանկերին նախընտրություն կտա հարցվածների ընդամենը 28%-ը՝ 2025թ.-ի 42%-ի համեմատ։ Վճարային ծառայություն մատուցող ընկերություն ընտրելիս հիմնական չափանիշներն են վստահությունը (35%) և արագությունը (34%), որոնց հաջորդում են գինը և թափանցիկությունը (յուրաքանչյուրը՝ 28%)։
Հարցված ՓՄՁ-ների ավելի քան 90%-ն արդեն իսկ օգտվում է մեկից ավելի վճարային ընկերությունների ծառայություններից։ Վերջերս վճարային պրովայդերին փոխած ձեռնարկությունների երկու երրորդը նշել է, որ այդ որոշման հիմնական դրդապատճառներն ավելի արագ գործարքներն ու վճարումների ավելի հուսալի նստեցումներն են եղել։
ՓՄՁ-ները նաև ձգտում են ունենալ վճարումների նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն, թափանցիկություն և ռիսկերի կառավարման արդյունավետ գործիքներ։ Լրացուցիչ ծառայությունների շարքում ամենապահանջվածներն են վճարումներին հետևելու հնարավորությունը (43%) և խարդախությունների հայտնաբերումը (42%)։ Mastercard-ի գնահատմամբ՝ այն մատակարարները, որոնք կապահովեն արագություն, վստահություն և թափանցիկություն, ավելի մեծ հնարավորություն կունենան ներգրավելու և պահպանելու ՓՄՁ հաճախորդներին։




