Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung Electronics-ի գլխավորած Series D ֆինանսավորման շրջափուլում՝ ընկերության գնահատումը հասցնելով ավելի քան 21 միլիարդի եվրոյի։ Ընկերության խոսքով՝ սա եվրոպական տեխնոլոգիական ընկերության կողմից երբևէ ներգրավված բաժնեմասային ֆինանսավորման ամենախոշոր շրջափուլն է։
Փարիզում գործող ընկերությունը 2025թ.-ին գնահատվել էր 11.7 միլիարդ երվրո՝ 1.7 միլիարդ եվրո արժողությամբ Series C ֆինանսավորման շրջափուլից հետո։ Նոր ֆինանսավորման արդյունքում Mistral AI-ի գնահատումը ընդամենը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է։ Շրջափուլին մասնակցել են նաև ԵՄ-ի աջակցությամբ գործող Scaleup Europe Fund-ը, EQT-ն և գործող ներդրող PSG Equity-ն։
Նոր ֆինանսավորման մեծ մասը կուղղվի Mistral-ի հաշվարկային ենթակառուցվածքի և տվյալների կենտրոնների ընդլայնմանը։ Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Մենշը նշել է, որ ընկերությունը մտադիր է առաջիկա հինգ տարում կրկնապատկել սեփական հաշվողական հզորությունը՝ ավելի մեծ և արագ ԱԲ մոդելներ մշակելու համար։
Mistral-ն այժմ 4 միլիարդ եվրո է ներդնում Եվրոպայի տվյալների կենտրոններում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Շվեդիայում տեղակայված նախագծերում։ Microsoft-ը և Nvidia-ն նույնպես Mistral-ի ներդրողների շարքում են, և օգնում են ընկերությանը հասանելիություն ստանալ լրացուցիչ հաշվարկային հզորությունների։ Ընկերության տեխնոլոգիաներն օգտագործում են ավելի քան 125 ձեռնարկություններ աշխարհի 20 երկրներում։ Mistral-ն ակնկալում է, որ 2026թ.-ի վերջին իր տարեկան պարբերական եկամուտը կգերազանցի 1 միլիարդ եվրոն։
Այս ֆինանսավորումը ամրապնդում է Եվրոպայի դիրքերը ԱԲ մրցավազքում, թեև տարածաշրջանը դեռ զգալիորեն զիջում է ԱՄՆ-ին։ ԵՄ-ն փորձում է կրճատել այդ տարբերությունը իր 200 միլիարդ եվրո արժողությամբ InvestAI նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նախատեսում է հիմնել մինչև յոթ ԱԲ գիգաֆաբրիկաներ։ Միաժամանակ, AI Act-ի որոշ խիստ պահանջների կիրառումը հետաձգվել է՝ ընկերություններին տրամադրելով ավելի շատ ժամանակ նոր կանոններին հարմարվելու համար։





