Moss գերմանական ֆինթեքը դարձել է յունիքորն՝ Series C ֆինանսավորման շրջափուլում 35 միլիոն եվրո ներգրավելուց հետո։ Շրջափուլը գլխավորել է ֆինթեք ներդրող Portage-ը՝ Cherry Ventures-ի մասնակցությամբ։ Ներդրումը Բեռլինում տեղակայված ծախսերի կառավարման ընկերության արժեքը հասցրել է 1 միլիարդ եվրոյի։
2019թ.-ին Ստեֆան Հասլեբախերի, Ֆերդինանդ Մեյերի, Անտոն Ռամելի և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտե Շպիթլերի կողմից հիմնադրված Moss-ն մինչ այժմ ընդհանուր առմամբ ներգրավել է ավելի քան 200 միլիոն եվրո ֆինանսավորում։ 2022թ.-ին կայացած նախորդ խոշոր շրջափուլը (Series B) ընկերությանը բերել էր 75 միլիոն եվրո, իսկ գնահատումը հասել էր մոտ 500 միլիոն եվրոյի։
Moss-ի մյուս ներդրողների թվում են՝ Global Founders Capital-ը, Tiger Global Management-ը, A-Star-ը և Valar Ventures-ը, որը Նյու Յորքում գործող վենչուրային կապիտալի ընկերություն է և կապված է PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլի հետ։
Ընկերությունը նախատեսում է նոր ֆինանսավորումն օգտագործել ԱԲ-ով գործող հաշվապահական և ֆինանսական ծրագրաշարերի զարգացման համար։ Հիմնական կենտրոնացումը կլինի այնպիսի գործընթացների վրա, ինչպիսիք են՝ դեբիտորական պարտքերի կառավարումը, հաշվապահական գրանցումները և ամսական ֆինանսական փակումները, միաժամանակ պահպանելով մարդկանց վերահսկողությունը կարևոր որոշումների նկատմամբ։
Այսօր Moss-ն աջակցում է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և եվրոպական այլ շուկաներում գործող ավելի քան 5,000 ընկերությունների ֆինանսական և back-office-ային գործառնությունները։ Ընկերությունը նշել, որ իր մոտեցումը ենթադրում է ԱԲ-ի օգտագործում ֆինանսական գործընթացները հեշտացնելու և պարզեցնելու նպատակով՝ առանց վերջինիս թույլատրելու կատարել կարևոր գործողություններ առանց մարդու հաստատման։





