OpenAI-ը հայտարարել է իր նոր մոդելների՝ GPT-6 Sol-ի և GPT-6 Luna-ի ընդհանուր հասանելիության մասին՝ GPT-5.6-ի թողարկումից ընդամենը մի քանի ամիս անց։ Ընկերության տվյալներով՝ GPT-6 Sol-ը նախորդ մոդելի համեմատ մոտ երկու անգամ ավելի քիչ սխալներ է թույլ տալիս, իսկ GPT-6 Luna-ն կարող է հասնել GPT-5.6 Sol-ի մակարդակի կատարողականի՝ զգալիորեն ավելի ցածր արժեքով։
Նոր մոդելները բարելավումներ են գրանցել նաև մասնագիտական աշխատանքի, կոդավորման, ծրագրային ապահովման ինժեներիայի և համակարգչային օգտագործման թեստերում։ OpenAI-ի տվյալներով՝ GPT-6 Luna-ն AutomationBench թեստում 5.4%-ով գերազանցում է GPT-5.6-ին՝ մեկ առաջադրանքը կատարելով 58%-ով ավելի ցածր արժեքով։ GPT-6 Sol-ը նույնպես որոշ թեստերում գերազանցում է Claude Opus 5-ին՝ զգալիորեն ավելի ցածր արժեքով, իսկ ծրագրային ապահովման ինժեներիայի բարդ առաջադրանքներում մոտենում է Claude Fable 5-ի արդյունքներին։
Արժեքի նվազեցումը այս նոր գործարկման հիմնական շեշտադրումներից է։ OpenAI-ը նշում է, որ երկու GPT-6 մոդելների API գները 50%-ով ցածր են GPT-5.6-ի գովազդային գներից։ Ընկերությունը նաև բարելավել է հրահանգների caching-ի (պահպանում) մեխանիզմը, որի շնորհիվ պահպանված հրահանգների մշակումը կարող է մինչև 90%-ով ավելի մատչելի լինել չպահպանված հրահանգների համեմատ։ Սա հատկապես օգտակար կարող է լինել երկարատև աշխատանքային գործընթացների հետ առնչվող ԱԲ գործակալների համար։
OpenAI-ը նաև նշել է, որ GPT-6 մոդելներն ավելի հստակ և համառոտ պատասխաններ են տալիս՝ ավելի քիչ մասնագիտական ժարգոնով և ավելորդ մանրամասներով։ Ընկերության ներքին թեստերի համաձայն՝ բարելավվել է նաև մոդելների համապատասխանությունը սահմանված կանոններին և անվտանգության չափանիշներին։ Օրինակ՝ GPT-6 Sol-ն ավելի հազվադեպ է կատարել չարտոնված հրահանգներ կամ փորձել շրջանցել սահմանափակումները քան GPT-5.6 Sol-ը։
Ընդհանուր առմամբ, OpenAI-ը GPT-6 Sol-ն ու Luna-ն ներկայացնում է որպես GPT-5.6-ի ավելի ճշգրիտ և զգալիորեն ավելի մատչելի «ժառանգներ»։ Թեև որոշ թեստերում գրանցվել են էական բարելավումներ, մյուս արդյունքները ցույց են տալիս, որ նոր մոդելները Anthropic-ի վերջին պրոդուկտների հետ մրցակցության մեջ են՝ առանց բոլոր դեպքերում դրանցից ակնհայտորեն առաջ անցնելու։ GPT-6-ի երկու մոդելներն էլ արդեն հասանելի են։





