Personio մարդկային ռեսուրսների և աշխատավարձերի կառավարման գերմանական հարթակը ձեռք է բերել Circula գերմանական ֆինթեք ընկերությունը, որը ծախսերի կառավարման խոշորագույն հարթակներից մեկն է Եվրոպայում։
Ձեռքբերումն ընդլայնում է Personio-ի ծառայությունները՝ ավելացնելով ծախսերի կառավարման հնարավորություններ, այդ թվում՝ աշխատակիցների ծախսերի և աշխատուժի հետ կապված այլ վճարումների կառավարման գործիքներ։
Personio-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հաննո Ռեները նշել է, որ ծախսերի կառավարումը հաճախորդների կողմից ամենապահանջված գործառույթներից մեկն է, սակայն դրա արդյունավետ մշակումը եվրոպական շուկայի համար բավական բարդ է։
Երկու ընկերությունները համագործակցում են արդեն վեց տարի. Personio-ն ձեռքբերումը ներկայացրել է որպես երկարամյա գործընկերությունը մշտական դարձնելուն ուղղված քայլ։ Ընկերության խոսքով՝ միավորումը թույլ կտա մեկ հարթակում համատեղել աշխատավարձերի, ծախսերի և աշխատակիցների արտոնությունների կառավարումը։
Գործարքից հետո Circula-ն կգործի Circula by Personio անվամբ և կշարունակի հասանելի լինել որպես առանձին ծառայություն այն ընկերությունների համար, որոնք չեն օգտվում Personio-ից։




