Բաց ֆինանսների ոլորտում գործող Plaid ֆինտեխ ընկերությունը ներկայացրել է նոր ԱԲ մոդելներ, որոնց նպատակն է օգնել ֆինանսական հաստատություններին բարելավել վարկավորման որոշումները, հայտնաբերել խարդախությունները և նվազեցնել վճարումների հետ կապված ռիսկերը։ Մոդելները նպատակ ունեն ավելի ամբողջական պատկերացում տալ այն սպառողների ֆինանսական վիճակի մասին, որոնց վարկունակությունը հնարավոր չէ ճշգրիտ գնահատել միայն ավանդական վարկային սքորների միջոցով։
Plaid-ի Instant Link գործիքը վարկառուներին հնարավորություն է տալիս փոխանցել իրենց դրամական հոսքերի վերաբերյալ տվյալները ապագա վարկային հայտերի համար Plaid Consumer Reporting Agency-ի միջոցով։ Վարկատուներն ընդամենը մի քանի ակնթարթում կարող են հասանելիություն ստանալ եկամուտների, ծախսերի և հաշիվների վճարումների վերաբերյալ տվյալներին։
Նոր LendScore 2 մոդելը, ընկերության տվյալներով, 42%-ով ավելի արդյունավետորեն է կանխատեսում վարկառուների՝ վարկը մարելու կարողությունը քան միայն վարկային տվյալների վրա հիմնված ավանդական գնահատման տարբերակը։ Plaid-ը ներկայացրել է նաև LendScore Arc մոդելը, որը վերլուծում է գործարքների հաջորդականությունն ու ժամանակային օրինաչափությունները։ Նախնական փորձարկումները դրական արդյունքներ են ցույց տվել վարկային ռիսկերի տարբեր խմբերում։
Խարդախությունների կանխարգելման նպատակով Plaid-ը գործարկել է ԱԲ մոդել, որը վարժեցվել է ընկերության ցանցից ստացված հարյուրմիլիոնավոր տվյալների հիման վրա։ Առանձին գործարքների տվյալներն ուսումնասիրելու փոխարեն, այն վերլուծում է բոլոր իրադարձությունների հաջորդականությունները։ Ընկերության ներքին գնահատումների համաձայն՝ մոդելն արձանագրել է մինչև 40% հարաբերական բարելավում՝ նախորդ գնահատումների համեմատ։
Նույն տեխնոլոգիայով է գործում նաև Plaid-ի Signal մոդելը, որը գնահատում է ACH համակարգով իրականացվող վճարումները և բացահայտում հնարավոր ռիսկային վճարումները՝ օգտագործելով գործարքների պատմությունները։ Փորձարկումները ցույց են տվել, որ մոդելը կարող է կանխարգելել ACH-ով վճարումների 26%-ով ավելի շատ մերժումներ՝ առանց սխալ ահազանգերի ավելացման։ Plaid-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Ուիլ Ռոբինսոնի խոսքով՝ մոդելները հաշվի են առնում ֆինանսական վարքագծի ավելի խորքային համատեքստը՝ նպաստելով ավելի ճշգրիտ որոշումների կայացմանն ու ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների համար ավելի լավ արդյունքների ապահովմանը։




