Swift-ը մեկնարկել է նախաձեռնություն, որի շրջանակում Bizum, PayID և Pix ազգային վճարային համակարգերի հնարավորությունները հասանելի կլինեն նաև միջազգային փոխանցումների համար։ Նախաձեռնության շնորհիվ օգտատերերը կկարողանան գումար փոխանցել արտերկիր՝ բանկային հաշվի տվյալների փոխարեն օգտագործելով բջջային հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե։
Նախաձեռնությունը միավորում է Իսպանիայի, Ավստրալիայի և Բրազիլիայի վճարային համակարգերը՝ ստեղծելով միջազգային փոխանցումների նոր ուղի միլիոնավոր սպառողների համար և նպաստելով Swift-ի սպառողական վճարումների ռազմավարության զարգացմանը։
Swift-ը համագործակցում է բանկերի, վճարային ծառայություններ մատուցողների և տեխնոլոգիական ընկերությունների հետ չորս մայրցամաքներում։ Նպատակն է ազգային համակարգերում կիրառվող վճարումների նույնականացման ցուցիչները անվտանգ կերպով կապել միջազգային փոխանցումներին։
Australian Payments Plus (AP+) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լին Քրաուսի խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն կտա PayID-ի միջոցով կատարվող տեղական փոխանցումների պարզությունն ու հարմարավետությունը հասանելի դարձնել նաև միջազգային գործարքների համար՝ ողջ գործընթացը հեշտացնելով ավստրալացիների համար։
Նախաձեռնությանը մասնակցում են BBVA, Bradesco, Banorte և Ouribank բանկերը։ BBVA-ի միջազգային լուծումների գծով գլոբալ ղեկավար Ռաուֆ Սուսին ընդգծել է ոլորտի մասնակիցների համագործակցության կարևորությունը միջազգային փոխանցումները պարզեցնելու, արագացնելու և ավելի հասանելի դարձնելու գործում։




