Վրաստանում գործող TBC Georgia բանկը Bybit կրիպտոբորսայի հետ համագործակցությամբ գործարկել է կրիպտոարժույթների թրեյդինգի հնարավորություն իր բջջային հավելվածում։ Հաճախորդներն այժմ կարող են գնել և կառավարել թվային ակտիվներ իրենց բանկային և ներդրումային ծառայություններին զուգահեռ։
Բանկը նշել է, որ ծառայությունն առաջարկում է մեկ հպումով գրանցման գործընթաց, որը, ըստ ընկերության, առաջինն է վրացական շուկայում։ Նպատակն է հեշտացնել կրիպտոյով ներդրումները մանրածախ հաճախորդների համար։
Այս նոր հնարավորությունն ընդլայնում է TBC Georgia-ի գործող ներդրումային հարթակը, որի ամսական ակտիվ օգտատերերի թիվը 2026թ.-ի սկզբից աճել է 42%-ով։ Բանկն ակնկալում է, որ կրիպտոարժույթների ինտեգրումը հիմնական բանկային հավելվածում կբարձրացնի հաճախորդների ներգրավվածությունն ու կընդլայնի թվային ներդրումային ծառայությունները։
Վրաստանը վերջին տարիներին աստիճանաբար ներկայացրել է թվային ակտիվների կարգավորման ավելի հստակ կանոնակարգեր՝ 2023թ.-ից պահանջելով ոլորտի ընկերություններից համապատասխանություն AML (Anti-Money Laundering) և KYC (Know Your Customer) չափանիշներին։ Սակայն TBC Georgia-ն դեռ չի հայտնել, թե որ կրիպտոարժույթներն են հասանելի կամ ինչ միջնորդավճարներ են կիրառվելու։
TBC Georgia-ն հանդիսանում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված TBC Bank Group-ի մասը, որը նաև գործում է Ուզբեկստանում։ Տարեսկզբին Global Finance-ը TBC Georgia-ն ճանաչել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենանորարար բանկը։





