spot_imgspot_imgspot_imgspot_img

Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը

Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։ Այս ռազմավարական որոշումը ընկերությանը թույլ է տալու ավելի մեծ ներդրումներ անելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց և թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում:

8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը և վարկանիշը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին այդ կարևոր օրն իրենց հետ անցկացնելու և հաջողությունները կիսելու համար.

«Առաջնային հրապարակային առաջարկը փաստում է, որ մենք նվիրված ենք թափանցիկ գործելաոճին, աճին ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: IPO-ն ոչ միայն կուժեղացնի մեր ենթակառուցվածքները և ներկայությունը շուկայում, այլև հնարավորություն կտա ներդրողներին միանալու մեզ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում: Հայաստանի տելեկոմ ոլորտի ապագան այսուհետ ձևավորելու ենք Team-ի բաժնետերերի հետ միասին»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ այն քայլերին, որոնք նախարարությունը իրականացնում է կապիտալի շուկայի զարգացման ու ակտիվացման համար և նշեց․

«Team Telecom Armenia-ի կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման գնալու փաստը շատ կարևոր ազդակ է, որը ցույց է տալիս, որ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձևավորված էներգիան աստիճանաբար կապիտալացվում է։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը ներքին պետական պարտքի խորը և իրացվելի շուկայի ձևավորման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք այս գործընթացն իրականացնել այնպես, որ շարունակենք դրական ազդեցություն ունենալ կորպորատիվ շուկայի զարգացման գործում»։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր ելույթում նշեց, որ սա իրապես հանրային տեղաբաշխում է, քանի որ Team-ի բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուրը օնլայն և ավտոմատացված եղանակով.

«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար։ Կարող եմ փաստել, որ ձևավորվում է ներդրողների բավականին դիվերսիֆիկացված և երկար ցանկ, ինչն ակտիվ երկրորդային շուկա ունենալու հիմնական գրավականն է»:

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Պաշտոնական միջոցառմանը ներկա էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիրներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Team Telecom Armenia-ի գործընկերները, պոտենցիալ բաժնետերերն ու թիմակիցները։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...

ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար

ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո...