spot_imgspot_imgspot_img

The Fintch․ հայկական խաղային ստարտափ՝ ֆինանսական գրագիտության համար

Այսօրվա մրցակցային աշխարհում ֆինանսական գրագիտությունը շքեղություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։ Բայց ինչպե՞ս սովորեցնել երեխային գումարի արժեքը, խնայողության և ծախսերի մշակույթը՝ այնպես, որ երեխան չձանձրանա։

FinTech.am-ի զրուցակիցը The Fintch ստարտափի համահիմնադիր Միհրան Բաբայանն է, ով պատմում է, թե ինչպես են իրենց հավելվածի միջոցով երեխաներին սովորեցնում գումարի ճիշտ կառավարում։

– Խնդրում եմ պատմեք՝ ինչ է The Fintch-ը, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ ծառայություն է առաջարկում։

The Fintch-ը նորարարական հավելված է, որը նպատակ ունի երեխաներին սովորեցնել ֆինանսական գրագիտություն՝ պարզ, խաղային և հետաքրքիր ձևով։ Շատերը կարծում են, թե մեր անունը գալիս է «Fintech»-ից, բայց իրականում այն «Fintech»-ի և «Edtech»-ի համադրությունն է, ինչը խորհրդանշում է մեր առաքելությունը՝ համատեղել ֆինանսական կրթությունը և տեխնոլոգիան։

Մեր նպատակն է ձևավորել ֆինանսապես գրագետ սերունդ, որը դեռ վաղ տարիքից կսովորի ճիշտ օգտագործել և գնահատել գումարը։

– Ինչպե՞ս է իրականացվում ուսուցումը հավելվածում։

The Fintch-ը ամբողջությամբ առցանց հարթակ է, հասանելի iOS և Android սարքերում։

Հավելվածում պատրաստել ենք մոտ 300 կարճ դասընթաց, որոնք հարմարեցված են երեխաների ընկալմանը։ Դասերը սկսվում են ամենապարզ թեմաներից՝ «Ի՞նչ է գումարը», «Ինչպե՞ս խնայել», «Ինչպե՞ս ճիշտ ծախսել», և աստիճանաբար անցնում են բարդ թեմաների՝ հարկեր, ներդրումներ, ֆինանսական ռիսկեր և այլն։

Դասընթացները բաժանված են բաժինների, ամեն բաժինը՝ երեք դասից։ Յուրաքանչյուր դասի վերջում երեխաները անցնում են փոքրիկ խաղ-քննարկումներ, վաստակում են միավորներ, որոնք հետագայում կարող են օգտագործել զեղչերի կամ նվերների համար մեր գործընկերների մոտ։

– Ո՞ր տարիքի երեխաների համար է նախատեսված հավելվածը։

Նախնական փուլում թիրախային խումբը 9-14 տարեկան երեխաներն են։ Բայց հասկանալով, որ շատ մեծահասակներ էլ չունեն բավարար ֆինանսական գիտելիքներ, այժմ աշխատում ենք նաև մեծահասակների համար նախատեսված բովանդակության վրա։

– Իսկ ինչպե՞ս ծնվեց The Fintch-ի գաղափարը։

Գաղափարն առաջացավ երկու պատճառով։

Առաջինը՝ LinkedIn-ում տեսա տեսանյութ, որտեղ երեխան անցել էր business case solution-ի կուրս, որից հետո սկսեցի մտածել, թե երեխաների e-learning շրջանակում ինչ բաց ոլորտ կա, դրանից հետո հասկացա, որ մեր օրերում ֆինանսական գրագիտության մասը բավականին բացեր ունի:

Երկրորդը՝ իմ անձնական փորձը։ Որպես երկու երեխայի հայր և ֆինանսիստ՝ նկատեցի, որ շատ դժվար է երեխաներին բացատրել գումարի մասին: Իմ առաջին մասնագիտությունը ֆիզիկան է, ու գիտեք՝ ֆիզիկոսներն էլ երբեմն բարդ են բացատրում (ժպտում է): Հավելվածի միջոցով երեխաներն արդեն կարող են ինքնուրույն սովորել՝ խաղալով և վաստակելով գիտելիք։

thefintch

– Իսկ միայն Հայաստանի՞ համար է այս հավելվածը, թե՞ նաև այլ շուկաների։

Չնայած սկսել ենք Հայաստանից, բայց The Fintch-ը միայն հայերի համար չէ։ Հավելվածը հասանելի է հայերեն և անգլերեն, որպեսզի երեխաները ցանկացած երկրից կարողանան օգտվել։

Ավելին՝ արդեն ունենք հետաքրքրվածություններ տարբեր երկրներից։ Վերջերս Քաթարում մասնակցեցինք միջազգային միջոցառման, որտեղ մեծ հետաքրքրություն կար մեր նախաձեռնության հանդեպ։

– Ովքե՞ր են The Fintch-ի հիմնադիրները։

The Fintch-ի համահիմնադիրներն ենք ես՝ Միհրան Բաբայանն և Աշոտ Իսրայելյանը, որը ղեկավարում է տեխնիկական թիմը։

Սկզբում մտածում էինք որպես B2C (ուղղակի վաճառք սպառողին), բայց հետո մասնակցելով Plug and Play աքսելերացիոն ծրագրին՝ հասկացանք, որ ավելի ճիշտ է գնալ B2B (գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն) մոդելով։

– Ո՞ր փուլում է հիմա ձեր ստարտափը։

Այս պահին առաջարկում ենք մեր ուսումնական բովանդակությունը կրթական և ֆինանսական կազմակերպություններին։

Հավելվածը արդեն տեղադրված է App Store-ում և Google Play-ում։ Բոլորը կարող են ներբեռնել ու ծանոթանալ։

– Քանի՞ օգտատեր ունեք այս պահին։

Ունենք մոտ 200 օգտատեր, որոնցից 40-45%-ը երեխաներ են։

– Ինչպիսի՞ հաջողություններ եք արդեն գրանցել։

Մեծ հաջողություն էր Plug and Play աքսելերացիոն ծրագրի ավարտը, ինչպես նաև Քաթարում ստացած հետաքրքրությունները։

Ներկայում մասնակցում ենք Go-Together միջազգային աքսելերացիոն ծրագրին, որն ուղղված է հենց կրթական ստարտափներին։

Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական գրագիտության բաժնի և Բանկերի միության հետ ունենք քննարկումներ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Բացի այդ, ԿԲ-ի պատրաստած տեսանյութերը, որոնք ֆինանսական գրագիտության մասին են, նախատեսում ենք ինտեգրել մեր հավելվածում՝ որպես հավելյալ ուսուցողական նյութեր։

– Ինչպե՞ս կարող են գործընկեր կազմակերպությունները միանալ ձեզ։

Բաց ենք համագործակցության համար՝ թե՛ կրթական, թե՛ ֆինանսական ոլորտների կազմակերպությունների հետ։ Մեր հիմնական նպատակը նույնն է՝ ունենալ ֆինանսապես գրագետ նոր սերունդ, որը վաղ հասակից կհասկանա գումարի արժեքը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...