Թրեվիս Կալանիկի հիմնադրած Atoms ռոբոտաշինական ընկերությունը ներգրավել է 1.7 միլիարդ դոլար՝ Andreessen Horowitz (a16z) վենչուրային հիմնադրամի գլխավորությամբ անցակացված ֆինանսավորման շրջափուլում։
Ներդրումային շրջափուլին մասնակցել են նաև Bain Capital-ը, Fifth Wall-ը, Uber-ը և այլ ներդրողներ, իսկ a16z-ի համահիմնադիր Բեն Հորովիցը միացել է ընկերության տնօրենների խորհրդին։
Uber-ի մասնակցությունը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ այն վերամիավորում է Կալանիկին իր հիմնադրած տաքսի ծառայության հսկայի հետ, որտեղից նա 2017թ.-ին հեռացել էր գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից՝ ընկերությունում սեռական ոտնձգությունների, խտրականության և թունավոր կորպորատիվ մշակույթի շուրջ տարածված սկանդալներից և մեղադրանքներից հետո։
Atoms-ը Uber-ից հեռանալուց հետո Կալանիկի թողարկած մեկ այլ նախագծի՝ CloudKitchens-ի նոր անվանումն է։ Տարեսկզբին ընկերությունը նաև ձեռք է բերել Pronto արդյունաբերական ավտոմատացման ընկերությունը, որը հիմնադրել է Uber-ի նախկին ղեկավար Էնթընի Լեվանդովսկին։ Կալանիկը հայտարարել է նաև հանքարդյունաբերության ոլորտում ռոբոտաշինական լուծումներ զարգացնելու մտադրության մասին։
Նա նշել է, որ Atoms-ի նպատակն է համադրել արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, արտադրությունը, անշարժ գույքը և տրանսպորտը՝ ֆիզիկական աշխարհում աշխատանքի արդյունավետությունը ու կատարողականությունը բարձրացնելու համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը ձգտում է ստեղծել ռոբոտների համար ունիվերսալ հարթակ (wheelbase for robots), իսկ նոր ֆինանսավորումը կուղղվի մասնագետների հավաքագրմանն ու նոր տեխնոլոգիաների զարգացմանը։
Ներդրումը նաև ազդարարում է Կալանիկի վերադարձը խոշոր տեխնոլոգիական նախագծերի առաջին պլան։ Andreessen Horowitz-ի համահիմնադիր Բեն Հորովիցը նշել է, որ Atoms-ը կարող է փոխել ավանդական արդյունաբերությունները նույն կերպ, ինչպես Uber-ը փոխեց տրանսպորտի ոլորտը։





