spot_imgspot_imgspot_img

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն (UATE) մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ Այս քայլով ընկերությունը կապիտալի շուկայի գործիքներն ինտեգրում է իր ֆինանսավորման և հետագա զարգացման գործընթացում՝ միաժամանակ ընդլայնելով ներդրողների համար հասանելի գործիքների շրջանակը։

Ցուցակման կապակցությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության՝ կապիտալի շուկայում գործունեության նոր փուլը՝ թափանցիկության, հաշվետվողականության և ներդրումային հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։

Ներդրողները  օգոստոսի 31-ից  հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 763,750,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել են 10․000 հատ պարտատոմս՝ 76,375 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 26-ից մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. – «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ցույց է տալիս պարտքային ֆինանսավորման այս գործիքի կիրառելիությունը տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար։ Կապիտալի շուկան ընկերություններին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ձևավորել զարգացման համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական հիմքեր։ Միաժամանակ, հրապարակային շուկայում ներկայությունը ենթադրում է թափանցիկության և հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, որոնք կարևոր են ներդրողների վստահության ամրապնդման համար։ Մենք կարևորում ենք տարբեր ոլորտներ ներկայացնող նոր թողարկողների մուտքը Բորսա, քանի որ յուրաքանչյուր նման թողարկում նպաստում է Հայաստանի կապիտալի շուկայի խորացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ տնօրենների խորհրդի անդամ Էդիտա Ղազարյանը նշել է. «Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ ԱՏՁՄ-ն՝ լինելով ոչ առևտրային կառույց, իր դուստր ընկերության միջոցով կարողացավ իրականացնել պարտատոմսերի նման հաջող թողարկում։ Անչափ շնորհակալ ենք մեր բոլոր ներդրողներին ցուցաբերած վստահության համար։ Որպես նրանց կատարած ներդրման գնահատման գլխավոր առիթ և արդյունքներին ծանոթանալու լավագույն հնարավորություն՝ բոլորին սիրով հրավիրում եմ նոյեմբերի 20-22-ը մասնակցելու Դիջիթեք 2026-ին։ Այն նոր մակարդակի վրա է բարձրացել՝ վերածվելով միջազգային նշանակության տեխնոլոգիական կոնֆերանսի և բիզնես միջոցառման։ Այս նախաձեռնությունները, միության անդամների կայուն աճը և մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ հստակ աշխատանքը մեզ վստահորեն դիրքավորում են որպես կանխատեսելի ֆինանսներ ունեցող թողարկող, ինչի համար իսկապես շատ հպարտ եմ»։

««Սիրիուս Կապիտալ»-ը հիմնելիս մենք նպատակ ենք հետապնդել նպաստելու հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, սակայն, տվեց այլ հաճելի պարտավորվածություն, այն է՝ նպաստել ոչ միայն հայկական ֆինանսական շուկայի զարգացմանը, այլ նաև Հայաստանի տեխնոլոգիական իրադարձությունների ոլորտի զարգացմանը։ Կարևոր է նշել, որ այս տեղաբաշխման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, ինչը համապատասխան է ընկերության ոլորտին, օրինակ՝ առաջին անգամ կիրառվեց ԱԲ գործակալը՝ Արմինեն, որը ներդրողների հարցերին պատասխանում էր ռոբոտային ճշգրտությամբ և մարդկային ձայնով․ սա ևս մեկ քայլ է՝ տեխնոլոգիական փոփոխություններին ընդառաջ։ Առաջնային շուկայում պարտատոմսերի հաջողությունը շոշափելի էր՝ հարյուրավոր ներդրողներ և անսպառ վստահություն, ինչպես նաև բազմաթիվ ներդրողներ, որոնք սպասում էին պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուն»,-նշել է «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Մկրտչյանը։ 

Մասնագիտանալով միջոցառումների կազմակերպման, խորհրդատվության և հաղորդակցման ծառայությունների ոլորտներում՝ ՝ «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնցից առանցքայինը DigiTec-ն է՝ Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձություններից մեկը։ Այն ամեն տարի անցկացվում է ցուցահանդեսի, համաժողովի և փառատոնի ձևաչափերի համադրությամբ՝ համախմբելով տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, մասնագետների և տասնյակ հազարավոր այցելուների։

Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավվող միջոցներն ընկերությունը նախատեսում է օգտագործել ֆինանսական կայունության ապահովման, պարտքային բեռի օպտիմալացման, ինչպես նաև եկամուտների աղբյուրների ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով։

Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների մուտքին կապիտալի շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...