Վրաստանը պատրաստվում է միանալ միասնական եվրոյի վճարումների գոտուն (SEPA), կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Single Euro Payment Area (SEPA) – միասնական տարածք, որտեղ իսպառ վերացվում են տարբեր երկրների եվրոներով ներքին և միջազգային վճարումների միջև տարբերությունները մեկ «տնային» շուկայում:
«Սա ԵՄ և Եվրոգոտու երկրներում վճարային ծառայությունների և պրովայդերների ներդաշնակեցման շրջանակ է, որի անդամներն են ԵՄ 27 երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը: Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ գործընթացում ներգրավված են Վրաստանի Ազգային բանկը, Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև տարբեր պետական գերատեսչություններ։ Կառավարության նիստից հետո խորհրդարան է ուղարկվել երեք օրինագիծ, որոնք բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է հաստատի և արտացոլի օրենսդրության համապատասխան փոփոխությունները։
Վարչապետն ընդգծել է, որ նոր վճարային գոտուն միանալուց հետո դեպի ԵՄ փոխանցումները չեն պահանջի թղթակից բանկեր կամ այլ միջնորդներ։
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





