Թվային փոխակերպման միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար խոսնակ հավաքվել են մեկ հարկի տակ, որպեսզի The Doing Digital Forum (DDF)-ին ներկայացնեն թվային փոխակերպման հիմնական միտումները:
Ֆորումի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը, իսկ գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է։

Նրա կարծիքով, Հայաստանն ունի պոտենցիալ, որպեսզի իրեն դիրքավորի որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ:
Doing Digital պլատֆորմի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը` ընդգծելով էկոհամակարգում ընդգրկված բոլոր խաղացողների միջև անընդհատ հաղորդակցության անհրաժեշտությունը թվային փոխակերպման գործընթացի սահուն և անխափան իրականացման գործում, նշում է.
«Մենք մշտապես հետևում ենք համաշխարհային միտումներներին և ստեղծել ենք Doing Digital հարթակը, որպեսզի նպաստենք ակտիվ քննարկումների ծավալմանը թվային փոխակերպման տիրույթում առկա միտումների, բիզնես զարգացումների, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց այսօր առերեսվում են թվային փոխակերպման գործընթացի բոլոր դերակատարները»:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով, որ նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն առնվազն կառավարության տեսանկյունից:

«Վերջին տարիներին մեր երկրում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջոցառումների ինտենսիվացումն ինքնին ցուցիչ է, որ ՀՀ տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել: Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարությամբ: Պետությունը ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ, նպաստավոր և անվտանգ միջավայր ձևավորելու գործում: Սա է կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Թվային փոխակերպման ոլորտում իր փորձով կիսվում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը: Նրա խոսքով Ամերիաբանկն արդեն իսկ թվային փոխակերպան ուղով է առաջ ընթանում:
«Սա մեզ համար հնարավորություն է, որպեսզի մենք ներկայացնենք մեր փորձը, հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում: Ամերիաբանկն անցել է թվային փոխակերպման երեք փուլ, որդեգրելով գրեթե բոլոր թվային լուծումները մեր բանկի համար: Ամբողջ գործընթացներն անում ենք միջազգային տենդենցներին համապատասխան»,- ասաց ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ նշեց, որ արագ և հարափոփոխ համաշխարհային տնտեսության համատեքստում, որը թվայնացվում է և էլ առավել արագացված տեմպով է ընթանում, իրենք փորձում են մնալ մրցունակ շարունակական նորարարության միջոցով:
«Մենք պետք է նպատակ ունենանք ապահովել, որ բոլոր քաղաքացիներն օգտվեն ավելի թվային ու կայուն տնտեսական բարիքներից»,- ասաց Մարտին Գալստյանը:
Ամերիաբանկը կարևորում է իր աշխատակիցների վերապատրաստումը և թվային առումով վերափոխումը ու իհարկե մասնագիտական գիտելիքների խորացումը: Հենց այդ նպատակով, երեկ բանկի աշխատակիցները հանդիպում են ունեցել Քրիս Սքիների հետ, ով հատուկ դասախոսություն է ունեցել: DDF-ը հավակնում է դառնալ լավագույն հարթակը նոր գաղափարների ու տեխնոլոգիաների բացահայտման, մասնագիտական կապերի ձևավորման համար։






