Ամերիկյան ամենահայտնի ամսագիրը մինչև ամսվա վերջ կարող է վաճառվել 800 մլն դոլարով, գործարքը կարող է կնքվել մոտ օրերս։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Աղբյուրի համաձայն՝ վերջնական գումարը կարող է փոքր-ինչ պակաս լինել, քան պահանջել են ազդեցիկ հրատարակության ներկայիս սեփականատերերը։
Գնորդների մասին տեղեկությունները նույնպես չեն բացահայտվում։ Հայտնի է միայն, որ պոտենցիալ գնորդների թվում կան ներդրողներ ԱՄՆ-ից և մի քանի հոգի այլ երկրներից։ Forbes-ի գործադիր տնօրեն Մայք Ֆեդերլը չորեքշաբթի օրը աշխատակիցներին հաստատել է բանակցությունները:
Forbes-ը, որպես ամսագիր հիմնադրվել է 1917 թվականին, հայտնի է իր հարուստ գործարարների վարկանիշով: Շատ այլ հայտնի ամսագրերի պես, Forbes-ը վերջերս ունեցել է եկամուտների զգալի անկում՝ ընթերցողների շրջանում տպագիր հրատարակությունների ժողովրդականության անկման պատճառով:
Այնուամենայնիվ, 2022 թվականի սկզբին ընկերության ղեկավարությունը գտավ եկամուտներն ավելացնելու ուղիներ և նույնիսկ հայտարարեց, որ նոր բիզնես մոդելը շատ արդյունավետ է։ Փետրվարին ընկերությունը հայտնել է, որ 2021 թվականին 259 միլիոն դոլար եկամուտ է բերել՝ 40 տոկոսով ավելի, քան նախորդ տարի:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





