Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF) և SmartGateVC-ի գործակցության արդյունքում իրականացվելու է ֆինանսավորման նոր մոդել՝ վաղ փուլի ստարտափների և գիտահետազոտական (R&D) ընկերությունների համար:
Այն ուղղված է Հայաստանում նորարարությունը և գիտելիքի ստեղծումը խթանելուն և իր տեսակի մեջ առաջինն է շուկայում:
Ֆինանսավորման այս նոր մոդելը հանդիսանում է վերականգնվող դրամաշնորհային համակարգ, ըստ որի դրամաշնորհներ ստացողները պետք է վերադարձնեն դրամաշնորհի գումարը որոշակի կայուն հաջողության հասնելու դեպքում: Այսպիսով, վերադարձված գումարը կօգտագործվի ապագայում նմանատիպ այլ դրամաշնորհների համար, այսինքն՝ նույն գումարը կաշխատի ստարտափ էկոհամակարգի համար մի քանի փուլով:
«Մենք կարծում ենք, որ փորձնական այս ծրագիրը կլինի պետական-մասնավոր գործընկերության հիանալի օրինակ, քանի որ օգտագործում ենք դրամաշնորհներ՝ SmartGateVC-ի միջոցով մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու համար: Դրանք նախատեսված են խոստումնալից ստարտափների և գիտահետազոտական ընկերությունների համար: Ծրագիրը հաջողությամբ ավարտվելուց հետո ունի ներուժ՝ նպաստելու ավելի մեծ ֆինանսավորման միջոցի ստեղծմանը, որպեսզի կառուցվի ամուր համակարգ և հնարավորություն ընձեռվի տարածաշրջանում ներդրումների ռիսկերի նվազեցմանը»,- նշել է SmartGateVC-ի գործընկեր և Catalyst Foundation-ի գործադիր տնօրեն Աշոտ Արզումանյանը:
«Մենք ոգեւորված ենք SmartGateVC-ի հետ այս նոր նախագծով, քանի որ դա հնարավորություն կտա վաղ փուլի, ինչպես նաեւ գիտահետազոտական և ՏՏ ընկերություններին օգտվել իրենց ձեռնարկատիրական ներուժից: Փոքր բիզնեսը Հայաստանի տնտեսության ողնաշարն է, այդ պատճառով կարևոր է, որ մենք ստեղծենք էկոհամակարգ, որը խրախուսում է նորարարությունը եւ ապահովում կայուն ֆինանսավորում բիզնեսի զարգացման համար»,- ասել է EFSE-ի զարգացման հիմնադրամի նախագահ Թոմաս Ռեկերը:
Փոխհատուցվող դրամաշնորհը կմոբիլիզացնի մասնավոր կապիտալը և SmartGateVC-ի ներդրումները շատ վաղ փուլի հայկական ընկերություններում՝ ձեռնարկատերերին տրամադրելով համաֆինանսավորում: Ընդհանուր չորս փոխհատուցվող դրամաշնորհները կազմում են 100,000 եվրո, որոնք համընկնում են SmartGateVC-ի մինչեւ 25,000 եվրո փոխհատուցվող դրամաշնորհների հետ վաղ փուլերում սկսնակ ձեռնարկությունների համար և մինչեւ 50,000 եվրո գիտահետազոտական ընկերությունների համար:
Հավելյալ 100,000 եվրոյի ֆինանսավորում էլ հատկացված է զրոյական տոկոսադրույքով VC-վարկի տեսքով՝ աջակցելու R&D ընկերություններին ապրանքային ընկերությունների վերածվելու կամ տեխնոլոգիայի վրա հիմնված լուծումներով ընկերություններ ստեղծելու ջանքերին:
Հետաքրքրված R&D ընկերությունները կարող են դիմել մինչեւ հոկտեմբերի 17-ը, իսկ վերջնական ընտրությունը ժյուրիի կողմից կկատարվի նոյեմբերին: Դիմումների փաթեթը հասանելի է այստեղ:
Դրամաշնորհառուները կզուգակցվեն մենթորների հետ: Վերջինները կաշխատեն ստարտափերների հետ՝ որոշելու, թե որտեղ ունեն օգնության կարիք և կմշակեն մենթորական եզակի ծրագրեր: Նպատակներն ու խնդիրները սահմանելը կլինի մենթորների հետ աշխատանքի առաջին քայլը, որին կհետևեն անհատական հանդիպումները: Բացի նվիրված մենթոր ունենալուց, թիմերը կկարողանան համապատասխան աջակցություն ստանալ SmartGateVC ցանցի անհատական խորհրդատվությունների միջոցով:
Աղբյուրը՝ smartgate.vc
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին:





