Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մտադիր է գործարկել չաթբոտի սեփական տարբերակը TruthGPT աշխատանքային անվանմամբ: Այս մասին Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի ղեկավարն ասել է Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Ես պատրաստվում եմ գործարկել մի բան, որն անվանում եմ TruthGPT կամ առավելագույն ճշմարտության որոնող արհեստական բանականություն (AI): Այն փորձում է հասկանալ տիեզերքի բնույթը»,-ասել է Մասկը:
Գործարարը համոզված է, որ չաթ-բոտի ստեղծումը, որը կփորձի հասկանալ տիեզերքը, անվտանգ ճանապարհ է, քանի որ «դժվար թե նման արհեստական բանականությունը ոչնչացնի մարդկանց, որովհետև նրանք աշխարհի հետաքրքիր մասն են»։ Մասկն ընդգծել է արհեստական բանականության վտանգները՝ նշելով, որ այն «քաղաքակրթությունը ոչնչացնելու ներուժ ունի»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Մասկը բացել է արհեստական բանականության ընկերություն՝ X.AI անվանմամբ: Ձեռնարկատերը թիմ է հավաքում նոր ստարտափի համար, որը կարող է մրցակցել OpenAI-ի մշակած ChatGPT-ի հետ:





