SpaceX ընկերությունը այսօր՝ ապրիլի 17-ին, գերծանր Starship հրթիռակրի արձակում է իրականացնում Տեխասի Բոկա Չիկա տիեզերակայանից: Սա Starship-ի առաջին լրիվ բեռնվածությամբ ուղեծրային թռիչքն է:
Ընկերությունն ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) արդեն ստացել է թույլտվություն, որպեսզի իրականացնի նախաթռիչքային նախապատրաստումը և արձակումը բազմակի օգտագործման տիեզերական համակարգի, որը բաղկացած է Starship-ից (Ship 24-ի նախատիպ) և Super Heavy հրթիռից (Booster 7-ի նախատիպ):
Այնուամենայնիվ, ընկերությունը նախազգուշացրել է, որ արձակման ճշգրիտ ժամանակը կախված է մի քանի գործոններից, ներառյալ բուն ուժեղացուցիչի վիճակը, եղանակային պայմանները և արձակման տարածքում օտար առարկաների բացակայությունը: Օտար առարկաները կարող են համարվել նավերը, որոնք գտնվում են Տեխասի ափերի մոտ: SpaceX-ի տվյալներով՝ ընկերությունը հրթիռը արձակելու համար կունենա 2 ժամ 30 րոպեանոց պատուհան։ Նախատեսված մեկնարկից 45 րոպե առաջ SpaceX-ը կսկսի ուղիղ հեռարձակում YouTube-ի իր ալիքով։
Նախատեսվում է, որ մեկնարկային մեքենան կհասնի ենթաուղեծրային արագության, թերի պտույտ կկատարի Երկրի շուրջ և կվերադառնա մթնոլորտ Հավայան կղզիների տարածաշրջանում:
Տիեզերանավի արձակման նախօրեին SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter Space-ում կիսվել է արձակումից իր ակնկալիքներով, մտահոգություններով և խոսել ընդհանրապես Starship ծրագրի մասին։
«Հավանաբար, հաջողության չենք հասնի։ Եթե հաջողությունը նշանակում է ուղեծիր դուրս գալը»,-ասել է Մասկը:
Նա հավելել է, որ հրթիռն ունի 33 հսկայական շարժիչ, «և եթե դրանցից թեկուզ մեկը խափանվի, ապա հրթիռը նման կլինի նռնակներով լի արկղի։ Շատ մեծ նռնակներով»։





