Instagram-ի համահիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Կրիգերը օրերս ներկայացրել են սեփական նախագիծը` Artifact-ը: Այն իրենից ներկայացնում է անհատականացված նորությունների հարթակ՝ մեքենայական ուսուցման գործառույթով: Դա թույլ է տալիս ալգորիթմին ավելի արդյունավետ «հասկանալ» յուրաքանչյուր օգտագործողի հետաքրքրությունների շրջանակը:
The Verge-ը գրում է, որ Artifact-ը նման է TikTok-ին: Ծառայությունն արդեն հասանելի է նոր օգտատերերի գրանցման համար՝ iOS և Android օպերացիոն համակարգերով: Նոր ռեսուրսի որոշ առանձնահատկություններ մասնակի հիշեցնում են Google Reader-ին կամ նույնիսկ Twitter-ին:
Հավելվածի գլխավոր էջում կգտնեք հոդվածներ առաջատար հրատարակություններից, ինչպիսին է օրինակ The New York Times-ը: Հավելվածի բետա տարբերակում առկա են երկու հիմնական բաժիններ: Մեկում օգտատերը դիտում է հոդվածների հոսքը այն հաշիվներից, որոնց բաժանորդագրված է, մյուսում՝ այլ օգտատերերի հետ քննարկում է դիտված բովանդակությունը ։
Մշակողները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են տեքստային բովանդակության վրա, ի տարբերություն այլ կայքերի, որտեղ շեշտը դրվում է կարճ տեսանյութերի վրա: Այս պահին Artifact-ի ստեղծողների խումբը բաղկացած է ընդամենը յոթ հոգուց, և բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են հիմնադիրների անձնական միջոցներով:





