TikTok-ը հայտարարել է, որ 1,2 միլիարդ եվրո կներդնի Եվրոպայում տվյալների կենտրոնների կառուցման համար։ Ընկերությունը տարածաշրջանում կբացի տվյալների երեք կենտրոն՝ երկուսը Իռլանդիայում, մեկը՝ Նորվեգիայում: Եվրոպացի օգտատերերի տվյալների փոխանցումն այնտեղ կսկսվի այս տարի և կշարունակվի հաջորդ տարի։ Ծառայության տվյալներով՝ այն Եվրոպայում ունի ավելի քան 150 միլիոն օգտատեր։
Ըստ TikTok-ի՝ ընկերության նպատակն է տվյալների պահպանումն այն տարածաշրջանում, որտեղ գտնվում են օգտատերերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել տվյալների փոխանցումն այս տարածաշրջանից մյուսներին: TikTok-ի հայտարարությունն արվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի իշխանություններն ավելի ու ավելի են անհանգստանում, թե արդյոք չինական իշխանությունները չեն կարող TikTok-ի օգտատերերի տվյալներին հասանելիություն ստանալ այդ տարածաշրջաններից, քանի որ ծառայությունը պատկանում է չինական ByteDance ընկերությանը:
Փետրվարի վերջին Եվրահանձնաժողովն արգելել էր աշխատակիցներին օգտագործել TikTok-ը ծառայողական սմարթֆոնների վրա: Ավելի վաղ այդպիսի որոշում կայացրել էին ամերիկյան իշխանությունները: Ծառայությունն ինքն արդեն հայտարարել է, որ արտասահմանյան օգտատերերի տվյալները պահում է ոչ թե Չինաստանում, այլ ԱՄՆ-ում եւ Սինգապուրում, եւ որ Չինաստանի իշխանությունները այդ տեղեկատվությանը հասանելիություն չունեն:





